երկուշաբթի, 4 մարտի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժու Չժաոշյունին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Գոհունակությամբ արձանագրելով, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10 տարիների ընթացքում հատկապես վերջին երեք ու կես տարիները բավականին արդյունավետ էին հայ-չինական համագործակցության ամրապնդման և որոշակի առաջընթացի համար, դեսպան Չժաոշյունը ընդգծեց նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման, համատեղ ծրագրերի մշակման և իրագործման հարցում, այդ թվում՝ «Նաիրիտի» հետ կապված: Պարոն Չժաոշյունը կարևորեց վերջին մի քանի տարիներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նկատմամբ հետևողականությունը և վստահեցրեց, որ իբրև հայ ժողովրդի բարեկամ, իր երկրում կշարունակի հնարավորությունների սահմաններում հետամուտ լինել նախատեսած ծրագրերի իրագործմանը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց Չժու Չժաոշյունին և հույս հայտնեց, որ ՉԺՀ նոր դեսպանը ևս նույնպիսի ջանադրությամբ կշարունակի հայ-չինական համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: