չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին: Հանդիպման սկզբում նախ անդրադարձ է եղել ՀՀ վարչապետի ԱՄՆ կատարած պաշտոնական այցին. «Մեր տեսանկյունից Ձեր այցը բավականին արդյունավետ էր, և ուրախ եմ, որ ձեզ համար այն ևս այդպիսին է համարվում», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և վարչապետի հետ իր զրույցի թեմայից ելնելով, առանձնացրել հատկապես «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որի ժամանակ դեսպան Դանիլովիչը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հաջողությամբ ղեկավարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագրի իրականացման առաջընթացի կապակցությամբ:
Ս.թ. դեկտեմբերին տեղի ունենալիք ՀՄԿ խորհրդի նիստից առաջ, որտեղ քննարկվելու են նաև Հայաստանի ցուցանիշները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն անդրադարձել են տնտեսական զարգացման շնորհիվ «ցածր եկամուտների երկրից» դեպի «միջին եկամուտների երկիր» Հայաստանի անցման արդյունքում, Հայաստանի առջև դրվող ավելի բարձր չափանիշներին ու ըստ այդմ, նոր իրավիճակում` ստանձնած պարտավորությունների կատարման հնարավոր դժվարություններին:
Նշելով, որ ծրագրի հաջող կատարման ներկայիս ընթացքով պայմանավորված` կարելի է ենթադրել, որ ՀՄԿ խորհրդի դեկտեմբերյան նիստում Հայաստանի մասով փոփոխություններ չեն լինի, Ջոզեֆ Փենինգթոնը ՀՀ վարչապետի հետ խոսել է նաև իրականացվող ծրագրին զուգահեռ, երկրորդ ծրագրի հնարավոր իրագործման մասին, որին անդրադարձ է եղել նաև դեսպան Դանիլովիչի և վարչապետ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպման ժամանակ:
Երկուստեք կարևորվել է առկա զարգացումները ճիշտ հունով տանելու, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու անհրաժեշտությունը, որը կարող է դառնալ նաև երկրորդ ծրագրի իրականացման գրավականը: