հինգշաբթի, 8 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրա Վայտիեկունասին: Վարչապետը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ և հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարի այս այցը ևս կխթանի հայ-լիտվական երկխոսությունը:
Նախարար Պետրա Վայտիեկունասն իր երկրի անունից ևս պատրաստակամություն է հայտնել առավել խորացնելու Հայաստանի և Լիտվայի հարաբերությունները, ընդգծելով, որ իբրև ԵՄ անդամ երկիր, Լիտվան կարող է լավագույնս համագործակցել Հայաստանի հետ նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նա նաև կարևորել է տարածաշրջանային փոխգործակցության առումով իր երկրի կուտակած փորձի փոխանցումը: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Լիտվան պատկանում է այն երկրների շարքին, որոնց հետ առկա է Եվրամիության Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցելու փոխադարձ ցանկությունը:
Համակարծիք լինելով, որ երկու երկրները տնտեսական փոխշահավետ գործակցության չօգտագործված մեծ ներուժ ունեն, ՀՀ վարչապետը և Լիտվայի արտգործնախարարը նշել են պարբերաբար գործարար համաժողովների կազմակերպման, գործարարների միջև շփումների խրախուսման, տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը` ընդգծելով, որ դրա համար լավ առիթ կարող է դառնալ Լիտվայի վարչապետի` հաջորդ տարվա սկզբին ակնկալվող այցը Հայաստան, որի շրջանակներում կարելի է կազմակերպել այդպիսի համաժողով:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Պետրա Վայտիեկունասը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը շեշտել է, որ չափազանց կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ ցանկացած երկրի, այդ թվում` Լիտվայի անկողմնակալ և հավասարակշռված մոտեցումը: