երեքշաբթի, 5 մարտի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի ՕՔոննորին: Գոհունակություն հայտնելով Հայաստանում իրականացվող կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, ինչի վկայությունն են նաև վերջին երկու տարիներին արձանագրված տնտեսական աճը, սղաճի ցածր տոկոսը, գործարարության խթանմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային տնօրենը դրական գնահատեց նաև ՀԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի կատարման համատեղ ուսումնասիրության այսօրվա քննարկումը կառավարության ներկայացուցիչների հետ: Այնուհետև քննարկվեցին Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարության, էներգետիկ ոլորտի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, գործարար աշխարհի հետ արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Ջուդի ՕՔոննորը հավաստեցին Հայաստանում ընթացող համակարգային բարեփոխումները արագացնելու իրենց պատրաստակամությունը, մանավանդ որ մինչև այժմ կատարված աշխատանքները նշված բոլոր ուղղություններով միանգամայն գոհացուցիչ են: Ըստ ՀԲ տարածաշրջանային տնօրենի, արծարծված խնդիրների մի մասը առաջիկայում հանգամանորեն կքննարկվի նաև ՀԲ պետական բարեփոխումների և բանկային համակարգի հարցերով զբաղվող փորձագետների Հայաստան կատարելիք այցի ընթացքում:
Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը այսուհետ ևս արդյունավետորեն կշարունակվի: