չորեքշաբթի, 6 մարտի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարներ, կառավարության աշխատակազմի պատասխանատուներ, հանրապետության բոլոր մարզպետները, Երևանի քաղաքապետը, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները, գյուղատնտնեսության բնագավառի հարցերով վարչապետի խորհրդարականը: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ նախագահի առաջին օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Գևորգյանը, որը օրակարգի հարցերի շրջանակում կառավարության անդամներին և մարզպետներին ներկայացրեց ամռանը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվող երիասարդական փառատոնի անցկացման և դրա հետ կապված կազմակերպչական խնդիրները: Նախատեսվում է մարզերի ակտիվ մասնակցությունը նշված միջոցառմանը, ինչը նկատի առնելով՝ մարզպետներին հանձնարարվեց հնարավորինս աջակցել փառատոնի կայացմանը:
Այնուհետև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, առկա խնդիրների, այդ թվում՝ պարարտանյութերի, թունաքիմիկատների, ոռոգման ջրի, սերմացուով և գյուղտեխնիկայով ապահովվածության, այդ առումով մարզերում տիրող վիճակի քննարկմամբ հստակեցվեցին կառավարության, տեղերում՝ մարզպետարանների կողմից առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Վարչապետը հանձնարարեց հետևողական լինել անցյալ տարի գյուղացիներին և սերմաբուծական տնտեսություններին տրված օգնություն սերմացուի և գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործման հարցում, նաև ուշադրության կենտրոնում պահել ջուր օգտագործող միությունների (ՋՕՄ) արագ կազմավորման գործընթացը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումներին ևս: Դրա հետ կապված, մարզպետներին հիշեցվեց ՀՀ վարչապետի մարտի 1-ի որոշմամբ իրենց տրված հանձնարարականի կատարման վերջին ժամկետը, որը վերաբերում է պետական այդ մարմիններում աշխատակազմի ղեկավարների նշանակմանը:
ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության տրամադրման գործընթացը: Հարցի քննարկման ընթացքում դարձյալ անդրադարձ եղավ չհաշվառված և ստվերային շահագործվող հողերին: Նշվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը կորոշի դրանց հետագա ճակատագիրը:
Խորհրդակցության ժամանակ, տեղեկանալով նաև մարզպետների հաշվետվությունների քննարկման արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին և անդրադառնալով մարզպետարանների աշխատանքին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ 2000 թ-ի համեմատ այն ավելի օպերատիվ և արդյունավետ է դարձել, որի համար 2001 թ-ի նրանց գործունեությունը գնահատվեց բավարար: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող ու գյուղատնտեսության նախարարներին, մարզպետներին՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքները պահել անմիջական հսկողության տակ՝ գյուղատնտեսական տարվա ավարտին ակնկալվող արդյունքն ապահովելու նկատառումով: