երեքշաբթի, 13 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ կա հարցերի լայն շրջանակ, որտեղ Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները կարող են փոխշահավետ համագործակցել:
Նախարար Յոզաս Օլեկասը գնահատելի է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի անձնական ներդրումը, նշելով, որ դեռևս Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նա առավելագույն ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ տարիներ առաջ համագործակցության ամրապնդման նպատակով սկսված աշխատանքը երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև շարունակվում է: Նա գոհունակությամբ է խոսել հայաստանյան գործընկերների հետ ունեցած հանդիպումների մասին:
ՀՀ վարչապետը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև ԵՄ-ի անդամ Լիտվայի փորձի փոխանցումը, նկատի առնելով, որ այն բավականին օգտակար կարող է լինել եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար: «Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի հետ Լիտվայի հարաբերությունները լավ ապագա ունեն»,- ընդգծել է նախարար Յոզաս Օլեկասը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ռազմաուսումնական, խաղաղապահ գործողություններին մասնակցության պատրաստակամության, պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: