ուրբաթ, 16 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայոց Մեծ Եղեռնից փրկված արևմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի գործադիր ղեկավար Կարեն Միքայելյանին:
Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը, Կարեն Միքայելյանը վարչապետին է ներկայացրել մոտ ապագայում Փարիզում արևմտահայերի համագումարի հրավիրման կազմկոմիտեի 2000թ.-ից մինչև հիմա տարված աշխատանքների արդյունքները և առաջիկա ծրագրերը:
Հանդիպման ժամանակ վարչապետին ներկայացվել է նաև կազմկոմիտեի կողմից հրատարակված փաստաթղթերի ժողովածուն, որ պարունակում է 1917 և 1919թթ. Երևանում կայացած Արևմտահայերի առաջին և երկրորդ համագումարների և 1919-20թթ. Փարիզում կայացած Ազգային համագումարի սղագրությունները, որոնց դասերը շատ կարևոր են և ուսանելի ներկայիս գործելակերպի համար:
Կարևորելով նախորդ համագումարների ընդհատված գործընթացը շարունակելու և նոր համագումար հրավիրելու նախաձեռնությունը` Սերժ Սարգսյանը նշել է, որ արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմիններ` Արևմտահայ Ազգային ժողով, Ազգային խորհուրդ հիմնադրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ և լուրջ աշխատանք կատարել հայ համայնքներում` նախապես քննարկելով համագումար հրավիրելու հետ կապված կարևոր խնդիրները: