ուրբաթ, 16 նոյեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձաղկաձորի լեռնադահուկային սպորտային համալիրի բարելավում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Բերդ քաղաքի եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացում», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական միջոցների գնում» ծրագրերը:
Հաստատվել են նաև Տարածաշրջանային առաջատար գիտության — տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող «Մատրիցա», «Ֆրանսիայի «Հայ գյուղ» («Արմենի վիլաժ») բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Արարատի մարզի Արտաշատ գյուղի N 1 մանկապարտեզի լվացքատան վերանորոգում», Թալինի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Ի շահ բարեկամության» և «Հայ ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա 2007-2008թթ.» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: