չորեքշաբթի, 21 նոյեմբերի 2007
OMX-ը ձեռք է բերում Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և բորսաների ինդուստրիայի առաջատար OMX (ՕԷմԷքս) ընկերությունն այսօր ստորագրեցին բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիր՝ կապված Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերման հետ: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, OMX (ՕԷմԷքս) ընկերության կողմից` OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը: Փաստաթուղթն ստորագրվել է օգտագործելով ինտերնետային տեխնոլոգիաները` Երևան-Ստոկհոլմ հեռուստակամրջի միջոցով: Արարողությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները և ՀՀ կենտրոնական բանկի նախագահը:
Համաձայն ստորագրված համաձայնագրի, OMX-ը գնում է Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ը: Բաժնետոմսերը կփոխանցվեն OMX-ին 2008թ. հունվարի 3-ին: Ձեռքբերումն իրականացվել է համաձայն կողմերի միջև 2007թ. ապրիլի 28-ին ստորագրված Մտադրությունների մասին նամակում նշված ծրագրի:
Բացի Բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագրից, ՀՀ կառավարությունը և OMX-ը ստորագրեցին Համագործակցության մասին համաձայնագիր, որը նախանշում է Հայաստանի կապիտալի շուկայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:
«Սիրով ողջունում եմ OMX-ի մուտքը Հայաստանի շուկա: Սա լոկ բիզնես չէ մեզ համար, այլ` Հայաստան մուտք է փորձ, ավանդույթներ, բարի համբավ ունեցող մի ընկերության, որը կօգնի մեզ մեր կապիտալի շուկան բարելավելու: Հայաստանի կառավարությունը կապիտալի շուկայի զարգացումը համարում է տնտեսության հետագա զարգացման համար հաջողության կարևոր գործոն, և մենք իրապես պատրաստակամ ենք աշխատել OMX-ի հետ մեր համատեղ հավակնոտ նպատակներին հասնելու համար: Ես համոզված եմ, որ մենք ձեռք ենք բերում շատ լավ գործընկեր, մյուս կողմից էլ, համոզված եմ, դուք ևս ձեռք եք բերում վստահելի գործընկեր ու լավ հեռանկար ունեցող շուկա: Շնորհավորում եմ և հույս ունեմ, որ այս գործարքը մեծ ապագա ունի»,- իր խոսքում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը:
«Այս համաձայնագրերը OMX-ի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև մեկ տարվա սերտ համագործակցության արդյունքն են: OMX-ի մուտքը հայաստանյան շուկա կխրախուսի երկրի արժեթղթերի շուկայի զարգացումը և ավելի մեծ հնարավորություններ կընձեռնի հայկական ձեռնարկություններին՝ ներքին և արտաքին ներդրողներից միջոցներ ներգրավելու համար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Պատիվ է, որ մեզ հնարավորություն է ընձեռնվել աջակցել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը: Հայաստանի արագ տնտեսական աճը, ինչպես նաև OMX-ի և Հայաստանի կառավարության ու Կենտրոնական բանկի սերտ համագործակցությունը, մեզ տալիս են Հայաստանյան շուկայի երկարաժամկետ աճի ներուժի նկատմամբ վստահություն»,- հայտարարել է OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը:
Արարողության ավարտին ՀՀ վարչապետը OMX-ի գործադիր տնօրենին և ստորագրմանը ներկա ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: