չորեքշաբթի, 21 նոյեմբերի 2007
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ:
Անվանի գրողի հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված տեղեկատվությունը կառավարական հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել արդի հայ գրականության անվանի դեմքերից մեկի` Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ցավով ընդունեցի Աղասի Այվազյանի մահվան գույժը:
Մեծ է կորուստը, ինչպես և մեծ է Աղասի Այվազյանի տեղը ժամանակակից հայ գրականության մեջ: Իբրև գրող, իբրև մտավորական, նա կարողացավ միշտ հավատարիմ մնալ իր առաքելությանը` բարձրաձայնել ճշմարտությունը, տեսնել և մատնացույց անել թե՛ սևը, թե՛ սպիտակը:
Աղասի Այվազյանը ազատության ջատագով էր և ազատ էր նաև արտահայտվելու միջոցների ընտրության հարցում` կարողանալով մեծ վարպետին բնորոշ գեղագիտությամբ հյուսել կյանք-գրականություն-թատրոն-կինո շղթան:
Տաղանդավոր գրողը երջանկություն ունեցավ տեսնելու համաժողովրդական սերն ու հարգանքը իր և իր ստեղծագործությունների հանդեպ` Հայրենիքում ու նրա սահմաններից դուրս: Եվ այդ սերը, համոզված եմ, հետագա ծավալման միտում ունի:
Խոնարհվում եմ մեծ արվեստագետի և նվիրյալ հայի հիշատակի առջև: Ցավակցում եմ Աղասի Այվազյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին»: