Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 նոյեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված` վերջնական տարբերակին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:


Փաստաթղթի համաձայն, լրամշակման արդյունքում ՀՀ 2008թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 766.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 842.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 76 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2008թ. բյուջեները եկամուտների և ծախսերի գծով կկազմեն 47.3 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները): Նախագծով առաջարկվել է ՀՀ 2008թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 744 մլրդ, ծախսերի գծով` 820 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 76 մլրդ դրամ:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 133 մլն 938.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին, որից 77 մլն 500 հազար դրամ` Մարտիրոս գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի վերաբերյալ «Հայսեյսմշին» և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 2007թ. կատարած հետազննության աշխատանքների արդյունքների հիման վրա IV աստիճանի վնասվածության (քանդման ենթակա) գնահատված բնակելի տների բնակիչների և 56 մլն 438.5 հազար դրամ` Շատին գյուղի քարաթափումների ազդեցության գոտուց առաջնահերթ տարահանման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար: Սահմանվել է, որ հիշյալ անձանց բնակարանային խնդիրների լուծումն իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` սողանքային և քարաթափումների ազդեցության գոտիներում գտնվող բնակելի տների քանդման պարտադիր պայմանով: Աջակցությունը տրամադրվում է որոշման մեջ նշված Մարտիրոս գյուղի անձանց` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու, իսկ Շատին գյուղի բնակիչներին` շուկայից պատրաստի տուն (բնակարան) ձեռք բերելու, կամ ՀՀ վարչապետի 1999թ. հուլիսի 26-ի «ՀՀ Տավուշի մարզի Թովուզի և ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղերի բնակչությանը քարաթափվածքների ակտիվ գոտուց տարահանման միջոցառումների մասին» N444 որոշման համաձայն, Շատին գյուղի տարածքում իրենց հատկացված հողամասերում անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար: Աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռք բերման ժամկետը սահմանվել է աջակցություն ստացող քաղաքացու և Վայոց Ձորի մարզպետի միջև պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս, իսկ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը` 1 տարի: Սահմանվել է նաև, որ սողանքային և քարաթափման գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից, կամ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 66 մլն 800 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 55 մլն 930 հազար դրամ` ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 10 բնակելի տների, 7 մլն 230 հազար դրամ` ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Արփենիկ Աթաբեկյանի բնակելի տան և 3 մլն 640 հազար դրամ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գարնանային հեղեղումների հետևանքով քանդված Վարդան Բոզոյանի տան բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար: Սահմանվել է, որ հիշյալ անձանց բնակարանային խնդիրները լուծվում են շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմամբ: Վկայագրի միջոցով աջակցությունը տրամադրվում է սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների քանդման պարտադիր պայմանով: Սողանքային գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Որոշումներով սահմանվել է նաև, որ դրանցում նշված անձանց բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները: Որոշումների իրականացման վերաբերյալ հանձնարարականներ են տրվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին և ՀՀ քաղաքաշինության նախարարին:


Նիստում կառավարությունը որոշում է ընդունել նաև շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու վերաբերյալ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի N156-Ն և 1999թ. մայիսի 26-ի N351 որոշումների պահանջներին համապատասխան, գործադիրը որոշել է, որ ՀՀ տարածքում իրականացվող շինարարությունում գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանվող նորմերի և նորմատիվների կիրառումը պարտադիր է ՀՀ պետական բյուջեի միջոցների` այդ թվում վարկերի (եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), ինչպես նաև պետական բյուջեից համայնքին տրամադրվող սուբվենցիաների և համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնավորեցումից ստավող (մուտքերի 30 տոկոսի չափով) գումարների, ինչպես նաև ՊՈԱԿ-ների միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար, իսկ ոչ պետական բյուջեի` այդ թվում համայնքային բյուջեների միջոցների հաշվին նշված աշխատանքների իրականացման մասով գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերը կրում են խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել որոշումից բխող մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումն ու պետական գրանցումը, իսկ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում` մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարբերաբար լրամշակման ու հրատարակման աշխատանքների իրականացումը: Շինարարության ոլորտում գնագոյացման արդիականացված համակարգի կիրառումը կնպաստի ներկայում գոյություն ունեցող պահանջարկի բավարարմանը, մասնավորապես, պետական ներդրումների հաշվին իրականացվող շինարարության զարգացմանը:


Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005թ. մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ARM-P2 փոխառության համաձայնագրի շրջանակներում իրականացված գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Միթսուի & Քո. ԼԹԴ և ՋՍ Էնջինիրինգ & կոնստրակշն կորպ.» կոնսորցիումը: Որոշմամբ նաև համաձայնություն է տրվել Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի իրականացման համար լրացուցիչ վարկ վերցնելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարությանը դիմելու առաջարկին:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը և փաստաթղթերի ցանկը: Հաստատվել է ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը ևս: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1996թ. հունիսի 25-ի «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N192 որոշումը:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N320 որոշման մեջ, որը կնպաստի ՀՀ բարձրագույն կրթության համակարգում Բոլոնիայի սկզբունքներին համապատասխան` երկրից երկիր և բուհից բուհ ուսանողների անարգել շարժունակության ապահովմանը: Մասնավորապես, որոշումը լրացվել է բուհի դիպլոմի հավելվածով, որն արտացոլում է ազգային կրթական որակավորումների փոփոխությունները, աջակցում է բուհ ընդունելությանն ու շարունակական կրթությանը, խթանում թափանցիկությունը բարձրագույն կրթության համակարգում:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի «Գիտության ոլորտի բարեփոխումների միջոցառումների ցանկի և դրանց կատարման ժամանակացույցի մասին» N34 արձանագրային որոշման մեջ` դրանով հաստատված ժամանակացույցը 2008թ. ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում ՀՀ գիտության ոլորտի մասով միջոցառումների վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկություններին համահունչ դարձնելու նպատակով:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 5 մլն 220.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:


«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի խնդրանքը, կառավարությունը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի Սուրբ Աստվածածին (Փրկիչ) եկեղեցին անհատույց սեփականության իրավունքով օտարել և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանին: Հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում, ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ, ապահովել հիշյալ եկեղեցու և հողամասի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը: Հանձնարարվել է նաև ՀՀ մշակույթի նախարարին` նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով` Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի միջոցների հաշվին, ապահովել հիշյալ եկեղեցու և հողամասի նկատմամբ գույքային իրավունքների վերաբերյալ պետական գրանցումը` որպես պետական սեփականություն:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N1231-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ-ում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմամբ և նպատակ ունի ապահովել ՀՀ-ում և հանրապետությունից դուրս բնակվող ՀՀ երկքաղաքացիների հաշվառումը:


Մեկ այլ որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասնավորեցումից Իջևանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 2 մլն 900 հազար դրամն ուղղել Իջևան քաղաքի Գանինի փողոցի բարեկարգման աշխատանքների իրականացմանը:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշման մեջ, որը պայմանավորված է այդ որոշմամբ նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման արդյունքում առաջացած մի շարք հանգամանքներով` որոշ անվանումների, գումարների փոփոխությամբ, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքում առաջացած տնտեսումներով, որոնք կուղղվեն մարզերում` ՀՀ կառավարության` հիշյալ որոշման մեջ չընդգրկված այլ հիմնախնդիրների լուծմանը:


«Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է նաև ՀՀ դատախազության աշխատակիցների դասային աստիճանները ՀՀ զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանության ցանկը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը լրացուցիչ 70 մլն դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մշակույթի տան դահլիճի ծածկի և տանիքների կառուցման նպատակով:


«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) կարգը»: Սահմանվել է, որ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Կարգով սահմանված պարզեցված հարկային հաշվառումը կարող են վարել միայն 2008 և 2009 ֆինանսական տարիների ընթացքում, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 50 մլն դրամը: Կարգի համաձայն, օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները 2008-09թթ. ընթացքում ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 31-ի N314 որոշմամբ նախատեսված առաքման և հասույթների գրքերում գրանցումները կատարում են այդ կարգերով սահմանված ոչ բոլոր դեպքերում, մասնավորապես` առաքման գրքերում չեն գրանցվում ապրանքանյութական արժեքների տեղափոխումները և վաճառքից բացի այլ օտարումները (դուրսգրումները), իսկ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ապրանքանյութական արժեքների մնացորդները ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 31-ի N315 որոշմամբ նախատեսված հասույթների գրքերում գրանցվում են 3 ամսվա ընթացքում: Կարգով վերանայվում են նաև ՀՀ կառավարության 2003թ. հոկտեմբերի 8-ի N1408-Ն որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման» կարգով նախատեսված որոշ ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև հստակեցվում է ՀԴՄ-ի կտրոնի և դրամարկղի մուտքի օրդերի միաժամանակյա դուրսգրման դեպքը: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին` մեկ ամսվա ընթացքում ապահովել Կարգին համապատասխան պարզեցված հարկային հաշվառումը վարող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ապրանքանյութական արժեքների մնացորդների հաշվառման մասին պաշտոնական պարզաբանումը: Կարգի ընդունման հետ կապված լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումներում: Սահմանվել է, որ որոշումներն ուժի մեջ են մտնում 2008թ. հունվարի 1-ից:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են մաքսային մարմինները: Օրինագծով նախատեսվում է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման խմբերում ներառել վերադաս մաքսային մարմնի քննիչ և ավագ քննիչ պաշտոնները, ինչպես նաև լրացում կատարել մաքսային ծառայողների դրամական բավարարման պաշտոնային դրույքաչափերի աղյուսակում:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է «Երևանի N29 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված Սարյան 23 հասցեի 5206.1 քմ ընդհանուր մակերեսով շենքեր և շինություններից 386.8քմ և 1001քմ մակերեսներով շինությունները և դրանց զբաղեցրած հողամասերը` համապատասխանաբար 347.92քմ և 458.92քմ մակերեսներով, ինչպես նաև 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի տարածքը 138.8քմ մակերեսով և դրա զբաղեցրած հողամասը` 299.39քմ մակերեսով, ընդհանուր օգտագործման իրավունքով 30 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Արեգնազան կրթահամալիր» ՍՊԸ-ին:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է լուծարել «Ազգային տարի» ՊՈԱԿ-ը` ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2157 որոշմամբ ստեղծված այդ կազմակերպության կողմից իր առջև դրված խնդիրները լուծելու` 2006-07թթ. ընթացքում ՌԴ-ում Հայաստանի տարվա և Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն իրականացնելու և ավարտելու կապակցությամբ:


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ու Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերի կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2008թ. հունվարի 3-ի և 4-ի աշխատանքային հինգշաբթի և ուրբաթ օրերը համապատասխանաբար տեղափոխել 2007թ. դեկտեմբերի 29-ը` շաբաթ, և 2008թ. հունվարի 12-ը` շաբաթ օրերը:


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին` 2007թ. նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև ավելի քան երեք տասնյակ ՀՀ օրենքների նախագծերի քննարկման և ընդունման նպատակով:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ