ուրբաթ, 15 մարտի 2002
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պրն Ջոն Օրդուեյի խնդրանքով այսօր նրան ընդունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Անդրադառնալով հանդիպման զրույցի թեմայի մասին դեսպանի նամակին, որտեղ ՀՀ վարչապետին և նրա գլխավորությամբ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ միջազգային համաժողովի մեկնող պատվիրակությանն առաջարկվում է համաժողովում ամերիկյան կողմից բարձրացվելիք հարցերին ծանոթանալ և տեսակետ հայտնել, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ընդհանուր համատեքստում դրանք, իհարկե, ընդունելի են: Խոսքը վերաբերում է զարգացման բանկերի կողմից տրվող վարկային ֆինանսավորման հաշվին դրամաշնորհային ֆինանսավորման բաժնի ավելացմանը, որը կօգնի ԱՄՆ-ին կտրուկ բարելավել զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Ըստ դեսպանի, նախագահ Բուշն առաջարկել է, որ ՀԲ-ն և զարգացման մյուս բանկերը վարկերի հաշվին մեծ չափով ավելացնեն աշխարհի առավել աղքատ երկրներին տրվող դրամաշնորհների բաժինը, այդ գումարներն առավելապես օգտագործելով կրթության, առողջապահության, սննդի, ջրամատակարարման, սանիտարական պայմանների բարելավման և առաջնահերթ այլ նպատակներով:
Ամերիկյան դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանը ևս կսատարի տնտեսական նշանակության այս նախաձեռնությանը և Մոնթերեյյան համաժողովում դա ինչ-որ ձևով կարտահայտի:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մինչև Մեքսիկայի Մաիացյալ Նահանգներ մեկնելը առաջարկվող նախաձեռնությունը և այն սատարելու ձևերը կքննարկվեն: