երկուշաբթի, 26 նոյեմբերի 2007
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են ԶՀԳ-ի 2007թ. անցած 10 ամսվա աշխատանքների հաշվետվությունը, գործակալության 2008թ. գործունեության ծրագիրը և բյուջեն, «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ հարցը և կազմակերպչական հարցեր:
Մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԶՀԳ խորհրդի նորանշանակ գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանին և խորհրդի նոր անդամներին, հույս հայտնելով, որ գործակալության աշխատանքում կլինեն նոր մոտեցումներ, փոփոխություններ, որոնք կնպաստեն ընկերության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն: «Եթե յուրաքանչյուր փոփոխություն չի բերելու աշխատանքի բարելավման, ուրեմն այն արդարացված չէ»,- ընդգծել է վարչապետը և հաջողություններ մաղթել գործակալությանը` իր առաքելության և ստանձնած պարտավորությունների կատարման գործում:
Նիստին ներկայացված հարցերի զեկուցումից առաջ, ԶՀԳ գլխավոր տնօրենը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ անցած շաբաթվա վերջին հաջողությամբ են ավարտվել ՀԲ-ի և հոլանդական կառավարության հետ ԶՀԳ բանակցությունները, որի արդյունքում նախատեսվում է առաջիկա 4 տարիներին գործակալության աջակցման ծրագրերի, ընթացիկ գործունեության արդյունավետ իրականացման համար տրամադրել մոտ 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: ՀԲ-ն և հոլանդական կառավարությունը, ըստ Տ.Դավթյանի, արդեն այդ մասին համապատասխան համաձայնագիր ստորագրել են, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարությանը:
Օրակարգի առաջին հարցի` ս.թ. անցած 10 ամիսների աշխատանքների հաշվետվության վերաբերյալ, ԶՀԳ գլխավոր տնօրենը զեկուցել է խորհրդին, որ գործունեությունը հիմնականում ընթացել է մի քանի ուղղություններով` օտարերկրյա ներդրումների ներգրավում, երկրի վարկանիշի բարձրացում, արտահանման խթանման ծրագրերի իրականացում, գործարար միջավայրի բարելավման ու ՏՏ և բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված խնդիրների լուծմանն աջակցություն:
ԶՀԳ գլխավոր տնօրենը հաշվետու ժամանակաշրջանում գործակալության իրականացրած բազմաթիվ միջոցառումներից առանձնացրել և խորհրդին է ներկայացրել առավել ընդգրկուն և խոշոր միջոցառումները` ընդգծելով հատկապես 2007թ. տարեսկզբին Տորոնտոյում հայ-կանադական` «Արտադրված է Հայաստանում» խորագրով արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպումը, մարտ ամսին` հայ-ավստրիական գործարար համաժողովը, որն անցկացվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, մարտի վերջին ևս մեկ միջոցառում` Ֆրանսիայի Իսիլե Մուլինո քաղաքում ՏՏ ոլորտի ներուժին նվիրված հայ-ֆրանսիական համաժողով` հիշյալ ոլորտի հայկական և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ, որտեղ ներկայացվել են մի շարք ծրագրեր և ձեռք են բերվել փոխադարձ պայմանավորվածություններ, ավելի ուշ` հուլիսին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում կազմակերպված «ԱրմԹեք» ցուցահանդեսը, որը նվիրված էր ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտին: Հոկտեմբերին, ըստ Տ.Դավթյանի, տեղի է ունեցել «Դիջիթեք» ցուցահանդեսը, նոյեմբեր ամսվա սկզբին` հայ-բելգիական գործարար համաժողով` կազմակերպված ՀՀ նախագահի Բրյուսել կատարած այցի շրջանակներում, որի ընթացքում բելգիական ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա դեկտեմբերին սպասվում է այդ ընկերությունների պատասխան այցը Հայաստան: Խոշոր միջոցառումներից ևս մեկը` Ֆինլանդիայի գործարար համաժողովն է, որը կրկին անցկացվել է ՀՀ նախագահի այդ երկիր այցի շրջանակներում:
ԶՀԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ հիշատակված միջոցառումներից բացի, անցած 10 ամիսներին եղել են նաև բազմաթիվ ներգնա միջոցառումներ, գործարար-հանդիպումներ, որոնց թվում են` իրանական պատվիրակության այցը ՀՀ, հայ-սլավոնական գործարար-համաժողովը Երևանում և Արցախի մայրաքաղաքում:
Իրականացված աշխատանքների շարքում զեկուցողն առանձնացրել է նաև գործակալության կողմից իրականացվող հետազոտական աշխատանքները` հնարավոր ներդրումների ներգրավման, գործարար համայնքի ներկայացուցիչներին արտաքին շուկաների հետ կապելու հնարավորությունների և գործակալության այլ գործառույթների շրջանակներում: Տ.Դավթյանի հավաստմամբ, ԶՀԳ-ն այժմ նախաձեռնել է ներդրումային ծրագրերի փաթեթի պատրաստման աշխատանքներ, որը մշակվում է միջազգային չափանիշների հիման վրա և կարող է բավականին օգտակար լինել Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ներդրողի համար: Խորհրդին տեղեկություն է հաղորդվել նաև օտարերկրյա ընկերությունների մասին տեղեկատվական շտեմարանների պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Ըստ գլխավոր տնօրենի, արդեն մշակվել են մոտ 800 ընկերությունների տեղեկատվական շտեմարաններ:
ԶՀԳ խորհուրդը հաստատել է գործակալության 2007թ. անցած 10 ամիսների հաշվետվությունը` հանձնարարելով գլխավոր տնօրենին, հաջորդ հաշվետվության ժամանակ, ավելի հստակ նշել իրականացրած բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքների արդյունքները` հիմքում դնելով այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան չափելի դարձնել աշխատանքի արդյունքը: Կարևորվել է նաև նախորդ տարիների աշխատանքի արդյունքների վերլուծության հիման վրա հետագա գործունեությունը շարունակելը, որպեսզի հարկ եղած դեպքում, մինչ այժմ իրականացված արդյունավետ քայլերն ավելի ուժեղացվեն, իսկ շարունակաբար անցկացվող, բայց ոչ մեծ արդյունքներ ապահովող միջոցառումները փոխարինվեն ավելի արդիական ու նոր մոտեցումներով:
ԶՀԳ խորհրդի այսօրվա նիստում ներկայացվել և խորհրդի հավանությանն են արժանացել գործակալության 2008թ. գործունեության ծրագիրը և բյուջեն ևս: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, հաջորդ տարի գործակալության գործունեության ուղղությունները հիմնականում պահպանվելու են և լինելու են ավելի ուղղորդված ու նպատակային: Ընկերության ներքին ընթացակարգային բարեփոխումները, Տ.Դավթյանի հավաստմամբ, ևս զգալիորեն կբարելավեն գործակալության աշխատանքը:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքներին: Տեղեկատվություն է ներկայացվել ժամանակացույցի համաձայն մինչ այժմ իրականացված քայլերի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ ներկայացնելը, մեկշաբաթյա ժամկետում միջոցառման հետ կապված հանգամանալից տեղեկանք ներկայացնել` ներառելով նաև շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում ձևավորված մոտեցումները: