չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կանադացի խոշոր գործարարներ Ջոնաթան Գուդմանին, Ջեյմս Սմոլին և կանադահայ գործարար, պրոֆեսոր Ազատ Վարդանյանին: Գուդման ընտանիքը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հիմնադիրն է, որի կառավարման ու ենթակայության ներքո գտնվող կարողությունը հաշվվում է ավելի քան 65 մլրդ դոլար: Ջոնաթան Գուդմանը, թանկարժեք մետաղներ պարունակող հանքերի ուսումնասիրությամբ և շահագործմամբ զբաղվող «Դանդի փրեշըս մեթըլս» ընկերության սեփականատերն ու նախագահն է: Հայաստանում ընկերությունը ներկայացված է «Դինո Գոլդ» ընկերության միջոցով, որը Սյունիքի մարզում սկսել է ակտիվ աշխատանք ծավալել հանքարդյունաբերության ոլորտում և նախատեսում է մինչ այժմ ներդրած ավելի քան 30 մլն դոլարից բացի, Կապանի հանքավայրի ուսումնասիրման համար ներդնել ևս 20 մլն դոլար` ընդգծելով, որ բավարար պաշարներ հայտնաբերելու լուրջ ակնկալիքներ կան, ինչն իմաստալից կդարձնի արված ներդրումն ու հետագա` շահագործման փուլում նախատեսվող ավելի մեծ միջոցները:
Վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է գործարարների մտադրությունը և նշել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է աշխարհում մեծ հեղինակություն, փորձ, բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների` մեր երկիր մուտք գործելով, որոնք շահավետ բիզնես ծավալելու հետ միասին, զարգացնում են Հայաստանի տնտեսությունը` լուրջ ներդրումներ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերում: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանում ներդրումների խթանման և գործարարության համար ստեղծվել ու ստեղծվում են անհրաժեշտ նպաստավոր պայմաններ: Հանքարդյունաբերությունը համարելով մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտներից մեկը` Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս օժանդակել ընկերությանը` ներկայացված ծրագրերի իրագործման ընթացքում: Վարչապետը հատկապես կարևորել է բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ Հայաստանում եղած պաշարները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելը` ուշադրության կենտրոնում պահելով նաև բնապահպանական խնդիրները: Սերժ Սարգսյանը կանադական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է իրենց ծրագրերի ու մինչ այժմ իրականացրած աշխատանքների մասին լայնորեն իրազեկել նաև հանրությանը, ինչին ի պատասխան, պարոն Ջոնաթան Գուդմանը տեղեկացրել է, որ երեկոյան այդ նպատակով նախատեսված է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում:
Կանադացի գործարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին` համագործակցության, աջակցության պատրաստակամության համար, շեշտելով, որ ցանկացած օտարերկրյա ներդրողի համար դա չափազանց կարևոր է և վարչապետի հետ հանդիպումը ևս մեկ լրացուցիչ խթան դարձավ Հայաստանում իրենց գործունեությունն ընդլայնելու և նախատեսած ծրագրերը հաստատակամորեն առաջ տանելու համար:
Զրույցի ընթացքում հյուրերն անդրադարձել են երկու երկրների վարչապետների փոխայցելությունների կարևորությանը ևս, ինչը, նրանց հավաստմամբ, նոր հեռանկարներ կբացի հայ-կանադական տնտեսական փոխգործակցության զարգացման համար: