ուրբաթ, 30 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսին: Վարչապետը նախ շնորհավորել է դիվանագետին` նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա աշխատանքի արդյունքում հայ-հունական կապերն ավելի կսերտանան, իսկ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն առավել կամրապնդվի. «Ուրախ եմ, որ մեր երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ձգտում է քաղաքականի մակարդակին և ավելի ընդլանվելու, բազմազան դառնալու միտումներ ունի», -ասել է Սերժ Սարգսյանը` իբրև ասվածի վկայություն նշելով հունական բիզնեսի աճող հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության և հայկական շուկայի նկատմամբ: ՀՀ վարչապետը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Դեսպան Իոաննիս Կորինթիոսը վստահեցրել է ՀՀ կառավարության ղեկավարին, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը` հայ-հունական կապերն ավելի ամրապնդելու և փոխգործակցության եղած ներուժն առավելագույնս օգտագործելու համար: Մի շարք ոլորտներում` պաշտպանություն, գյուղատնտեսություն և այլն, ըստ դեսպանի, հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են, սակայն դեռևս զգալի աշխատանք կա ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումների խթանման, փոխշահավետ և հեռանկարային ծրագրերի իրագործման առումով, որին իր ակտիվ աշխատանքով զգալիորեն կարող է նպաստել նաև հայ-հունական միջկառավարական հանձանաժաղովը. «ՀՀ կառավարությունը գործնական քայլերով ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար պատրաստակամություն ունի, և կարծում եմ, որ առկա երկկողմանի ցանկությունն ու կամքն այդ պատրաստակամության հետ միասին մեզ կօգնեն հասնել ցանկալի արդյունքի»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է մեր երկրում Հունաստանի դեսպանը: