ուրբաթ, 30 նոյեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն «Երևանի պետական համալսարան» պետական ոչ արևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությանը» ծրագիրը, «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող Կապանի պետական ճարտարագիտական, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական, Եղեգնաձորի պետական, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական և Արարատի պետական կոլեջների ու Հրազդանի, Աշտարակի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանների մասնակի վերանորոգման և կահավորման ծրագրերը:
Հաստատվել են «Երևանի Ռոտարի ակումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի համար արևային ջրատաքացուցչի տեղադրում», «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոն», Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի թիվ 3 հատուկ դպրոցի ջեռուցման ամբողջական համակարգի անցկացում» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը բարեգործական բեռների տրամադրում» ծրագրերը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: