երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով, ամերիկյան կառավարության կողմից Հայաստանում իրականացվելիք ընտրական աջակցության ծրագրին, որը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հավաստամամբ, ներառում է տարբեր ոլորտներ և հանդիսանում է իբրև մայիսյան խորհրդարանական ընտրությունների համանման ծրագրի շարունակություն` մի տարբերությամբ, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ առաջարկվում է նաև ընտրատարածքից դուրս եկող ընտրողների հարցման կազմակերպում (exit poll) Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից, որի արդյունքներն այնուհետ կտրամադրվեն քաղաքական ուժերին և նրանց հայեցողությամբ` կհրապարակվեն:
Վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել առաջարկը, ասելով, որ դա բավականին լավ միջոց է` ընտրողների կողմնորոշումը պարզելու և նաև ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, անհարկի շահարկումներից խուսափելու համար.
«Եթե նշված կազմակերպությունն անգամ չիրականացներ այդ նախաձեռնությունը, մենք ինքներս կհրավիրեինք մասնագիտացված նման մի կազմակերպություն` այդ հայտնի մեթոդով ընտրությունների օրն աշխատելու և արդյունքները հանրությանը տրամադրելու նպատակով»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը: