չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով զեկուցող Ժորժ Կոլոմբիեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում պարոն Կոլոմբիեն նախ ՀՀ վարչապետին տեղեկացրել է այցի նպատակի մասին, նշելով, որ մեր երկիր է ժամանել` ծանոթանալու Հայաստանի վիճակին մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից շուրջ վեցուկես ամիս հետո և նախագահական ընտրություններից երկուսուկես ամիս առաջ, նաև` տեղեկություններ ստանալու նախընտրական շրջանում երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ. «Ուրախ եմ, որ մի շարք ուղղություններով բարեփոխումներն ավարտված են, սկսած` ՀՀ բարեփոխված Սահմանդրության ընդունմամբ, Ընտրական օրենսգրքում փոփոխություններով, դատական համակարգի բարեփոխումներով, որոնք արդեն լիարժեքորեն կյանքի կոչվելով, Հայաստանում բարեփոխումների զգալի դրական տեղաշարժեր կարձանագրեն»,-ասել է Ժորժ Կոլոմբիեն:
Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով զեկուցող պարոն Կոլոմբիեի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող մոնիտորինգը լրացուցիչ խթան է մեր երկրի կողմից, նախանշված ժամանակացույցին համապատասխան, բարեփոխումների իրագործման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացին, ընտրությունների ազատ և արդար կազմակերպման, խոսքի ազատության և բազմակարծության ապահովման հարցերին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մինչ այժմ իրագործված և իրականացվելիք աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: