շաբաթ, 8 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «ՎՏԲ բանկ» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Անդրեյ Կոստինին, ով Հայաստանում է գտնվում «ՎՏԲ բանկ» և «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Մինչ փաստաթղթի ստորագրումը, Անդրեյ Կոստինի հետ վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են բանկային ու ֆինանսական ոլորտներում մեր երկրի հետ բանկի համագործակցությանը, Հայաստանում օտարերկրյա խոշոր ներդրումների իրականացման ու գործարար միջավայրի համար առավել նպաստավոր պայմանների ապահովմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել, մասնավորապես, «ՎՏԲ բանկ» ընկերության հետ մեր երկրի համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների կապակցությամբ: Այդ համատեքստում, վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև «ՎՏԲ բանկի» և «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության միջև ստորագրվելիք համաձայնագրի նշանակությունը, որը, ըստ նրա, կողմերի միջև նպատակուղղված աշխատանքի արդյունք է և «ՎՏԲ բանկի» հետ մեր երկրի փոխշահավետ գործակցության կարևոր բաղադրիչներից մեկը:
Առանձնազրույցից հետո «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինը և «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը ՀՀ կառավարությունում` ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԲ-ի նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ, ստորագրել են երկու ընկերությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը նախատեսում Է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի կողմից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ֆինանսավորման կազմակերպում, ինչպես նաև սահմանում է այդ նպատակով բանկի և ընկերության միջև համագործակցության շրջանակները: Ըստ համաձայնագրի, նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական խորհրդատվության և բանկային սպասարկման աշխատանքները կիրականացվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից: Նշվել է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի համապատասխան վարկային պայմանագրի և հարակից այլ փաստաթղթերի նախապատրաստմանն ու ստորագրմանը:
Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը: