երեքշաբթի, 2 ապրիլի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ձո Սյուելյանին:
Վարչապետը շնորհավորեց դիվանագետին՝ մեր երկրում իր գործունեությունն սկսելու առիթով և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական վերընթաց համագործակցությունն ու սերտացող հարաբերությունները նոր խթան կստանան նաև պրն Սյուելյանի աշխատանքի շնորհիվ: Անդրանիկ Մարգարյանն անձամբ իր և կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանին՝ հայ-չինական փոխգործակցությանն ուղղված բոլոր նախաձեռնությունների իրագործման հարցում:
Դեսպան Ձո Սյուելյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի և աջակցության պատրաստակամության համար, ՀՀ վարչապետին փոխանցեց Չինաստանի վարչապետի ողջույններն ու բարեմաղթանքը. «Ձեր անձնական մեծ աջակցությամբ սկսված հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման գործընթացը՝ Հայաստանի «Նաիրիտ»-2 և Չինաստանի Դաթոնգ քաղաքի կաուչուկների ընկերության միջև քլորոպրոնային կաուչուկների արտադրության հարցում, չինական կողմը պատրաստ է և շահագրգիռ՝ հաջողությամբ շարունակել ու ավարտին հասցնել», - Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանն ընդգծեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը, ավելացնելով, որ փոխշահավետ այդ գործարքը պահանջում է համատեղ ջանքերի ներդրում:
Ապրիլի 6-ին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի առիթով, դեսպան Ձո Սյուելյանը պատրաստվում է Երևանում մեծ ընդունելություն կազմակերպել: Նա նշեց, որ նույնը կարվի նաև Չինաստանում:
Ի նշան Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունների, երկու երկրների կառավարությունների միջև դեռևս ՀՀ վարչապետի Չինաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել դեսպանատների շենքերի փոխանակում Երևանում և Պեկինում: Չինական կողմն արդեն իրագործել է խոստումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանը ևս շուտով կիրագործի իր պարտավորությունը. արդեն իսկ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է տարածքի կամ շենքի համար հարմար տարբերակ ներկայացնել չինական կողմի քննարկմանը և հարցին շուտափույթ լուծում տալ:
Անդրանիկ Մարգարյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում: