չորեքշաբթի, 19 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահները, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետը:
Խորհրդակցության սկզբում, վարչապետը նշել է, որ չնայած վերջին տարիներին մեր երկրի տնտեսությունն աճում է երկնիշ թվերով, ավելանում է ապրանքների արտահանումը, աճում են բնակչության եկամուտները, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը` լինելով համեմատաբար փոքր և խոցելի, բնականաբար, ենթակա է համաշխարհային ապրանքային շուկաներում տեղի ունեցող թե՛ դրական, և թե՛ բացասական գործընթացների ազդեցությանը: Սա փաստ է, որը պետք է որպես այդպիսին նկատի առնել, ինչը չի նշանակում, թե նման երևույթների դեմ հնարավոր միջոցներ չպետք է ձեռնարկվեն: Այդ առումով, Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ, օրինակ, վերջին շրջանում արձանագրվող ՀՀ դրամի արժևորման պայմաններում, մեր ապրանքային շուկայում հատկապես լայն սպառման մի շարք ապրանքատեսակների գները ոչ միայն չեն իջնում, այլև որոշ ապրանքների գները բարձրանում են: Զգուշացնելով, որ այդպիսի պարագաներում հնարավոր են նաև սպեկուլյատիվ դրսևորումներ, և անբարեխիղճ կամ մեծ շահույթի ձգտող տնտեսվարողները երբեմն փորձում են օգուտ քաղել նման գործընթացներից` վնասելով առաջին հերթին սովորական քաղաքացիներին, վարչապետն ընդգծել է, թե այդ ամենը կանխելու համար պետական կառավարման մարմինները պետք է աշխատեն ավելի համակարգված ու ավելի մեծ պատասխանատվությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ դեռևս հոկտեմբերին դիմել է գների կայունության ապահովման գործառույթ ունեցող ՀՀ կենտրոնական բանկի ու նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահներին` ապրանքային շուկաներում տիրող իրավիճակն ուսումնասիրելու, իրենց եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար, և այսօրվա խորհրդակցությունը նպատակ ունի ընդհանրացնելու այդ ամենը, միասնական դիրքորոշումներ ամրագրելու:
Վարչապետի հանձնարարությամբ քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացվել են ուսումնասիրությունների արդյունքները, խորհրդակցությանը մասնակցող պաշտոնյաների մոտեցումներն ու առաջարկությունները:
Վարչապետը կարևորել է համապատասխան պետական մարմինների կողմից ուշադրության սևեռումը հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումների ու դրանց հիմնավորվածության նկատմամբ:
Ողջունելով վերջին շրջանում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հրապարակային գործելաոճը, Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև հանձնաժողովի աշխատանքի արդյունքները բնակչությանն ավելի ընկալելի ու մատչելի դարձնելու կարևորությունը: Ըստ նրա, ժողովրդի համար պետք է հստակ լինի, որ հանձնաժողովի դերը ոչ թե գների մակարդակի վերահսկումն է, այլ ազատ գնագոյացմանը նպաստելը, բոլորի համար ազատ մրցակցության դաշտի ապահովումը:
Քննարկման արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների, հարկային և մաքսային ծառայությունների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ կիրականացնի և տեղեկատվություն ու միասնական եզրակացություն կներկայացնի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, այդ թվում` հացի և հացամթերքի, ալյուրի, կարագի, ձեթի, բրնձի գների ներկա վիճակի, գնագոյացման գործընթացի վերաբերյալ: