չորեքշաբթի, 3 ապրիլի 2002
«Ցավոք, Թուրքիան այնքան էլ դրականորեն չի արձագանքում իր հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Հունաստանի նախաձեռնություններին, որը, սակայն, որևէ ձևով չի կարող անդրադառնալ Հունաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հարաբերություններին», - նշել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անտոնիոս Վլավիանոսը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօրվա հանդիպմանը:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին` ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնելու և մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հույս հայտնել, որ հայ-հունական քաղաքական հարաբերությունները նույնպիսի հաջողությամբ կշարունակեն զարգանալ, ինչպիսին եղել են մինչ այժմ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, վերջին տարիներին սկիզբ դրված ակտիվ քաղաքական երկխոսության արդյունքում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու տնտեսական ակտիվ փոխգործակցության համար ստեղծվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ (ստորագրվել և վավերացվել են 30 տարբեր պայմանագրեր); որն անհրաժեշտ է փոխշահավետ նպատակներին ծառայեցնել: ՀՀ վարչապետը պակաս կարևոր չի համարել ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն ուղղված ակտիվ քայլերը, որի վերաբերյալ դեսպան Վլավինոսը ասել է, թե իր երկիրը կշարունակի աջակցությունը Հայաստանի բանակին և առաջիկայում պատրաստվում է ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել այդ ոլորտում գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպանը նշել է նաև, որ իր երկիրը պատրաստվում է 2003թ. առաջին կիսամյակում ստանձնել ԵՄ նախագահությունը և մտադիր է հանդես գալ եվրոպական ընտանիքին Հայաստանն ավելի մերձեցնելու նախաձեռնություններով: Նա տեղեկացրել է, որ ամռանը Հունաստանի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ հարցեր, ըստ նրա, կքննարկվեն այդ այցի շրջանակներում ևս:
ՀՀ վարչապետի և մեր երկրում Հունաստանի դեսպանի հանդիպմանը երկուստեք ընդգծվել է հայ և հույն բարեկամ ժողովուրդների պատմամշակութային սերտ կապերը, պատմական ընդհանրությունները ի նպաստ մեր երկու պետությունների օգտագործելու քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը: