հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով նախատեսվում է պարզեցնել ֆիրմային անվանումների գրանցման ընթացակարգը, վերացնել գրանցումները մերժելու գործող պրակտիկայում չարդարացված հիմքերը, դրանով իսկ վերացնելով իրավաբանական անձանց գրանցմանը խոչընդոտող որոշ հանգամանքներ, ինչն իր հերթին բարերար ազդեցություն կունենա գործարար միջավայրի և ներդրումային դաշտի վրա:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման մեջ: Դրանք պայմանավորված են, մասնավորապես, ՀՀ մարզերում բժիշկ-մասնագետների թափուր պաշտոնների ժամանակավոր համալրման, ՀՀ մարզեր ուղեգրվող բժիշկ մասնագետների կողմից կատարված աշխատանքի փոխհատուցման կարգի ու պայմանների հաստատման անհրաժեշտությամբ: Մոր և մանկան առողջության գերակայությամբ պայմանավորված` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի» ցանկում ավելացվել է «Վերարտադրության տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում» նոր խումբ: ՀՀ 2008թ. պետական բյուջեում բյուջետավորման նոր ծրագրերի դասակարգմանն ու անվանափոխությանը համապատասխան, վերաձևակերպումներ են կատարվել «Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգ»-ում:
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան, գործադիրը սահմանել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները, որոնք ներառում են նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեի բնականոն կատարումն ապահովելու նպատակով, ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների համակարգը: Որոշման կապակցությամբ, վարչապետը հանձնարարել է մաքսային, հարկային մարմիններին` սկսած հունվարի հենց առաջին օրվանից, ապահովել բյուջեի մուտքերն այն հաշվարկով, որ առաջին եռամսյակի ավարտին, ոչ թե տարվա կեսին, կախված տնտեսական աճի տոկոսից, ծրագրերը նորից վերանայվելու են: Նա նշել է, որ ծախսային մասի հետ կապված` անհրաժեշտ է մրցույթներն այնպես անցկացնել, որ դրանք էապես ու որակապես տարբերվեն նախկինում անցկացված մրցույթներից և կապալառուները վստահ լինեն, որ ինչ-որ բան փոխվել է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, այս առումով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և դատախազությունը պետք է ակտիվ լինեն` նշելով, որ մրցույթների ժամանակ ինչ-որ անցանկալի բաներ են տեղի ունենում, բայց ոչ մի փաստ չի հայտնաբերվել: Ուրեմն` կամ խոսողները բամբասողներ են, կամ այն մարդիկ, ովքեր լիազորված են պատժելու` ուղղակի անգործության են մատնված:
Կառավարությունն ի գիտություն է ընդունել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2006թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը: Հանձնարարվել է ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` հիմք ընդունելով հաշվետվության արդյունքները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներն ապահովելու նպատակով, միջոցներ ձեռնարկել սահմանված կարգով մրցույթների անցկացման կամ նշանակումների կատարման ուղիով ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացն ավարտելու համար, ապահովել մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, համակարգի ընկերությունների նախապես հաստատված աշխատանքային ծրագրերին համապատասխան, տվյալ եռամսյակում վերստուգողների կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկանքների ստացումը և ուսումնասիրությունը, քննարկել վերստուգող հանձնաժողովների կողմից արձանագրված խախտումների առաջացման պատճառները (հիմքերը) և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված (ձեռնարկվելիք) միջոցների վերաբերյալ: Հանձնարարվել է նաև քննարկել ընկերությունների` վերստուգող հանձնաժողովների կողմից աշխատանքային պարտականությունների և աշխատանքային ծրագրի չկատարման կամ ոչ լիարժեք կատարման, ինչպես նաև նրանց գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դրույթների խախտման դեպքերը, ներկայացվող հաշվետվությունների, եզրակացությունների և ստուգումների մասին կազմված տեղեկանքների արժանահավատության հարցը (դրանք համադրելով նաև սույն ամփոփ հաշվետվության, ինչպես նաև ստուգման իրավասություն ունեցող այլ մարմինների կողմից տվյալ ընկերություններում կատարված ստուգումների արդյունքներով ներկայացված տեղեկատվության հետ) և անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ապահովել համապատասխան վերստուգող հանձնաժողովների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հիմք ընդունելով ամփոփ հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունները և եզրակացությունները, երկամսյա ժամկետում մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել վերստուգող հանձնաժողովների գործունեության հետագա կանոնակարգմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ի գիտություն է ընդունել նաև սպառողներին մատակարարվող էլեկտրական էներգիայի որակն ուսումնասիրելու և այն բարելավելու համար համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2007թ. հունվարի 18-ի N 24-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարարին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ ներկայացված, էլեկտրաէներգիայի մատակարարման բարելավմանն ու սահմանված որակական չափանիշների ապահովմանն ուղղված միջոցառումների` էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի որակի պետական վերահսկողության գործընթացի իրականացման, այդ նպատակով էներգետիկական չափումների փորձարկման լաբորատորիաների ստեղծման ու հավատարմագրման և «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի մեջ համապատասխան պահանջներ ներառելու հետ կապված առաջարկություն: ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել էլեկտրատեղակայանքների նախագծման և կառուցման ժամանակ ապահովելու տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նախագծային լուծումներում ապահովել էլեկտրաէներգիայի որակի նկատմամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների առկայությունը: Առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերը ձևավորելիս, առաջնահերթությունը տալ այն միջոցառումներին, որոնք առավելագույնս կնպաստեն էլեկտրամատակարարման որակի սահմանված ցուցանիշների բարելավմանը:
«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 4 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` ՀՀ Սյունիքի մարզում «Հարմոնիա» հիմնադրամի կողմից Հեռահար ուսուցման ներդրման պիլոտային ծրագրի իրականացմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Հարմոնիա» հիմնադրամին:
Այլ որոշումներով գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից ևս 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և զարգացման գլոբալ ալյանս» ծրագրին ՀՀ-ի անդամակցության նպատակով: 62 մլն 658 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ դատական դեպարտամենտին` ՀՀ դատական օրենսգրքի պահանջներին համապատասխան իր ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման համար:
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Նախագծում ներառված են կենդանիների վաճառքին ներկայացվող այն հիմնական պահանջները, որոնք սահմանված են Եվրամիության երկրներում կենդանիների վաճառքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ԵՄ համապատասխան դիրեկտիվում, ինչպես նաև երաշխավորվում է դրանց կիրառումը Եվրախորհրդի երկրներում:
Գործադիրը սահմանել է նաև թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը: Այն ներառում է ինչպես հաշվառման վերցնելու, այնպես էլ դադարեցման և կասեցման հիմքերն ու ժամկետները: Կարգը նախատեսում է նաև թմրամոլների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կանոնակարգում:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Կարգի համաձայն, լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ առողջապահության նախարարությանը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին, «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ կառավարության միջև 2007-2010թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ հուշագրի կնքման առաջարկությանը: Նշվել է, որ հուշագրի ընդհանուր ինդիկատիվ արժեքը կազմում է 98.4 մլն եվրո, որը նախատեսվում է տրամադրել ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը և կառավարման բարելավմանը, կարգավորող բարեփոխումներին և վարչական կարողությունների ավելացմանը, աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերին աջակցությանը: Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ մեկ անգամ ևս քննարկել ու վերջնական տեսքի բերել նախագիծը:
Մեկ այլ որոշմամբ` ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 250 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանների (բնակելի տների) արժեքների դիմաց մինչև 2007թ. դեկտեմբերի 30-ը վճարումների կատարումն ապահովելու նպատակով:
«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 52 մլն 160.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` գործազրկության նպաստի գծով առաջացած լրացուցիչ պահանջի բավարարման նպատակով:
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2007թ. պետական բյուջեում, ինչպես նաև փոփոխություններ ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է 11 մլն 300 հազար դրամ հատկացնել Երևանի Նազարբեկյան Գ-3 թաղամասի նորակառույց շենքի գազիֆիկացման, 2 մլն դրամ` Երևանի N 80, 125, 168 և 194 միջնակարգ դպրոցների` «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող շենքերի արտաքին բարեկարգման լրացուցիչ աշխատանքների իրականացման, 43 մլն 859 հազար դրամ` Վարդանանց-Խանջյան փողոցների խաչմերուկում ստորգետնյա անցումի կառուցման լրացուցիչ աշխատանքների իրականացման, 55 մլն դրամ` ՀՀ 2008թ. պետական բյուջեով «4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների (բնակելի շենքերի) շինարարություն և վերակառուցում» ծրագրով 3 նոր բազմաբնակարան շենքերի կառուցման, ևս 32 մլն 500 հազար դրամ` գազի պայթյունի հետևանքով Շիրակի N 20 շենքի վնասների վերականգնման աշխատանքների, 12 մլն 500 հազար դրամ` ձմռան ամիսներին Հանրապետության հրապարակի ջրավազանի շատրվանների պաշտպանիչ վահանակների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով: Որոշման համաձայն, նշված ծախսերը կիրականացվեն ՀՀ 2007թ. պետական բյուջեով «Ավտոբուս» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացված և հիշյալ ընկերության գույքը (ներառյալ ավտոբուսները) մասնավոր կազմակերպություններին վարձակալության տրամադրելու, նոր ավտոբուսների ձեռքբերումը մասնավոր ընկերությունների միջոցների հաշվին նախատեսելու արդյունքում տնտեսված 157 մլն 159 հազար դրամի հաշվին:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ստեղծել «ՀՀ պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ: Որոշվել է նաև «Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված` Եղեգնաձոր քաղաքի Վայքի փող. 4 հասցեում գտնվող ուսումնական համալիրի 920.1 քմ ընդհանուր մակերեսով և 16 մլն 190.6 հազար դրամ արժողությամբ երկրորդ մասնաշենքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին` այն մասնաճյուղին տրամադրելու համար: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ Վայոց Ձորի մարզպետին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին: Փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման մեջ:
Նիստում կառավարությունը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի նախատեսվում է, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սահմանվող պարտադրող պահանջներն ամրագրել օրենքով:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը: Սահմանվել է նաև, որ հիշյալ ցանկը ենթակա է հրապարակման ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետ կայքում: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին` առնվազն տարին մեկ անգամ վերանայել նշված ցանկը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 19 մլն 839 հազար դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:
Գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 22 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ Շիրակի մարզպետարանին` Գյումրի քաղաքում ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներին 2007-2008թթ. ձմռանը վառելիքի ձեռք բերման խնդրում աջակցելու նպատակով Գյումրիի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Մեկ այլ որոշմամբ ևս 3 մլն 654.3 հազար դրամ է հատկացվել ՀՀ Լոռու մարզպետարանին, այդ թվում` Ջրաշեն գյուղի բնակիչ Սիրանույշ Զարգարյանի, Հարթագյուղի բնակիչ Գևորգ Մանուկյանի և Շիրակամուտ գյուղի բնակիչ Քնարիկ Զաքարյանի անավարտ տների շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար` համապատասխանաբար 990.0, 804.5 և 996.0 հազարական դրամ, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար 2008թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար` 863.8 հազար դրամ:
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածին համապատասխան, կառավարությունը որոշել է` ՀՀ նախագահի սպասարկման համար Airbus A-319-132 մակնիշի ինքնաթիռի ձեռք բերման կապակցությամբ, առաջարկել «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` իրեն ամրացված ՏՈՒ-134 օդանավը օգտագործման պայմանագրով հանձնել «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Երառսպասարկում» ՓԲԸ-ին` իր սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող 2866.3 քմ ընդհանուր մակերեսով, 87931.0 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2375 հա հողատարածքն անկախ գնահատողի կողմից գնահատված 110 մլն 370 հազար դրամ` գումարած 20 տոկոս ԱԱՀ, 132 մլն 444 հազար դրամ արժեքով, ուղղակի եղանակով օտարել «Էնթրոն» ՓԲԸ-ին: Սահմանվել է, որ հիշյալ ընկերությունը պարտավոր է իրեն օտարվող հողատարածքի կադաստրային արժեքը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, վճարել ՀՀ պետական բյուջե: Նշվել է, որ ընկերությունը նախատեսում է իրեն օտարվող շենքն օգտագործել ժամանակակից առևտրային կենտրոն ստեղծելու նպատակով, որի շրջանակներում հնարավոր կլինի ստեղծել շուրջ 300 նոր աշխատատեղ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է նաև «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրան ամրացված 226.276 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և նվիրաբերել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմին` շրջանի ճանապարհների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հավանություն է տվել «Սմարթ Մեդիա» կազմակերպության առաջարկությանը` Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ նկարահանելու, «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում ներառելու և հանրաճանաչ հեռուստաալիքներով հեռարձակելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է Հայաստանի` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրական գործունեության, ներդրումների համար բարենպաստ և զբոսաշրջության համար գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում պատշաճ ներկայացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել «Սմարթ Մեդիա» կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` այն համաձայնեցնելով ՀՀ արդարադատության նախարարության հետ: Հիշյալ նպատակով, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 46 մլն 128.74 հազար դրամ է հատկացվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:
«Լիցենզավորման մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց (ցանցի շահագործում) գործունեության տեսակի լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի անցկացման նպատակով, կառավարությունը որոշել է ստեղծել մրցութային հանձնաժողով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախագահությամբ: Հաստատվել է նաև մրցութային հանձնաժողովի աշխատակարգը: Հանձնարարվել է հանձնաժողովին` անցկացնել մրցույթ և արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ պաշտպանության, տրանսպորտի և կապի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանության պետին, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին:
Գործադիրը, 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 263 մլն 39.7 հազար դրամ է հատկացրել ՀՀ ոստիկանությանը` ՀՀ դատաիրավական բարեփոխումների արդյունքում, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պաշտոնային դրույքաչափերը ՀՀ դատախազության պաշտոնային դրույքաչափերին հավասարեցնելու և ՀՀ դատախազությունից 70 հաստիքների տեղափոխության դեպքում 2007թ. 2-րդ կիսամյակում ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող անհատական բնակելի տներին կից, մինչև 2001թ. մայիսի 15-ը զավթած պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) զավթած հողամասերի վրա ինքնակամ կառույցներն օտարել այդ քաղաքացիներին:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու վերաբերյալ: Մասնավորապես, գործադիրը որոշել է «Նոր ներդրումներ» ՓԲԸ-ի` շուկայական մեթոդով 47 մլն 967 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը, «Աղանձուտ» պետական ՓԲԸ-ի` շուկայական մեթոդով 12 մլն 249 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով: Որոշվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության և բույսերի պաշտպանության պետական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքի կազմից հետ վերցնել 217.4 քմ մակերեսով Դիլիջանի փորձադաշտի լաբորատոր շենքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշմամբ թույլատրվել է վարչությանը` հիշյալ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Մեխակ Ղազարյանին:
Նիստում կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: