ուրբաթ, 21 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին:
Ընկերության նախագահը ՀՀ վարչապետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը` ակնագործության և ոսկեգործության բնագավառում հայ-ռուսական համագործակցության վերահաստատման նպատակով ս.թ. օգոստոսին ՀՀ կառավարության հետ «ԱԼՌՈՍԱ»-ի համագործակցության պայմանագրի կնքումից հետո: Պայմանագրով նախատեսված է վերոնշյալ ընկերության կողմից վերամշակման նպատակով հումքի մատակարարում հայկական ընկերություններին` դրանք այնուհետ «ԱԼՌՈՍԱ»-ի հանձնարարությամբ ռուսական կամ հայկական ոսկերչական ընկերություններին վաճառելու համար: Ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը տեղեկացրել է, որ «ԱԼՌՈՍԱ» ԲԲԸ-ի փորձագետներից և ոլորտի ռուսական առաջատար ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբն այս ընթացքում համապատասխան պայմանագրերի նախապատրաստման և ստորագրման նպատակով, արդեն իսկ ուսումնասիրել է հայկական ադամանդագործական ձեռնարկությունների հնարավորությունները, այդ թվում` տեխնոլոգիական զինվածությունը, թողարկված արտադրանքի որակական ցուցանիշները և այլն: «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը, ըստ Ս. Վիբորնովի, արդեն հստակ պատկերացումներ ունի հայկական այդ ձեռնարկությունների մասին, և ընկերությունում կարծում են, որ կան համագործակցության լավ հեռանկարներ: Հումքի առաջին առաքումը, ընկերության նախագահի հավաստմամբ, կիրականացվի մինչև տարեվերջ:
«ԱԼՌՈՍԱ»-ի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` համագործակցության պատրաստակամության և ուշադրության համար, գոհունակությամբ նշելով նաև հայ-ռուսական համատեղ այս խոշոր գործարքի նկատմամբ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի մշտական հետաքրքրվածությունն ու ուշադրությունը: