ուրբաթ, 5 ապրիլի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդունել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջոնի Պիրցխալայշվիլուն և նրա գլխավորած պատվիրակությունը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում և հետևողական է անցած տարի երկու երկրների նախագահների միջև ստորագրված «Բարեկամության, փոխադարձ անվտանգության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի դրույթների իրագործման հարցը. «Հայաստանը շահագրգիռ է իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու: Մեր ցանկությունն է Վրաստանը տեսնել կայուն, տնտեսապես զարգացած և ուժեղ պետություն», - ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ավելացնելով, որ մեր ժողովուրդները անցած հարյուրամյակներում էլ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ և պատվով դուրս գալ՝ շարունակելով նեցուկ լինել միմյանց, հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի վրա:
Նշելով, որ Հայաստանն ու Վրաստանը օգտագործելու բավականին ներուժ ունեն տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցության ոլորտում, ՀՀ վարչապետը կարևորել է ծագող խնդիրները առաջին հերթին սեփական ուժերով լուծելու անհրաժեշտությունը՝ իբրև այդ հարցում ամենաշահագրգիռ կողմեր: Այդ տեսանկյունից՝ տարածաշրջանի կայունությունը Անդրանիկ Մարգարյանը համարել է այդտեղ գտնվող յուրաքանչյուր երկրի զարգացման կարևորագույն նախապայման:
ՀՀ վարչապետը մտահոգություն է հայտնել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների, հատկապես՝ հայաշատ Ջավախքի և Աբխազիայի բնակչության ճակատագրի վերաբերյալ, հույս հայտնելով, որ վրացական իշխանությունները թույլ չեն տա քաղաքական ինչ-ինչ ուժերի, որոնք շահագրգռված են ապակայունացնելու վիճակն ու լարվածության նոր օջախներ ստեղծելու, իրագործել իրենց ցանկությունը և անհրաժեշտության դեպքում, կձեռնարկեն արմատական քայլեր:
Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջոնի Պիրցխալայշվիլին վստահեցրել է, որ իր երկիրը նույնքան շահագրգիռ է կայունության հաստատման հարցում և հաշվի է առնում հայ քաղաքացիների շահերը: Նա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջ ողջույններն ու հակիրճ ներկայացրել Հայաստանում գտնվելու օրերին իր գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումների արդյունքները:
Պրն Պիրցխալայշվիլին ևս կարևորել է հարևանների միջև հարաբերությունների էլ ավելի սերտացման անհրաժեշտությունը, որը պատմական խորը արմատներ ունի: