երկուշաբթի, 24 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` արտասահմանյան առաջնակարգ բուհերում հայ ուսանողների համար սովորելու հնարավորություններ ստեղծելու, աջակցելու, այնուհետև նրանց գիտելիքներն առավելագույն արդյունավետությամբ ի նպաստ մեր պետության ծառայեցնելու խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ, ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարների տեղակալներ, հանրապետության մի շարք գիտական ինստիտուտների և բուհերի ղեկավարներ ու գիտնականներ:
Խոսելով կարևորագույն այս խնդրի մասին` վարչապետը նշել է, որ ՀՀ ազգային ժողովում ՀՀ 2008թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ևս անդրադարձ է արվել այս թեմային, մասնավորապես` կարևորվել է արտերկրի բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեով որոշակի միջոցներ հատկացնելու խնդիրը: Եվ քանի որ կրթությունը և գիտությունը ՀՀ կառավարության գործունեության գերակայությունների շարքում են, հետևաբար, ըստ նրա, այդ հարցը կառավարությունում չէր կարող ուշադրության չարժանանալ: Ոլորտի պատասխանատուների, մասնագետների մասնակցությամբ հրավիրված այս խորհրդակցությունը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, նպատակ ունի լսել նաև նրանց կարծիքներն ու առաջարկությունները և արդյունավետ լուծումներ գտնել հիշյալ խնդիրների համար:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են խնդրի լուծման տարբեր մոտեցումներ, որոնք ներառում են ե'ւ պետական, ե'ւ ոչ պետական աջակցության հնարավորություններն ու մեխանիզմները:
Ամփոփելով քննարկման արդյունքները` Սերժ Սարգսյանն առանձնացրել է հարցի լուծմանն ուղղված երկու մոտեցում` ընտրել արտերկրում սովորող լավագույն ուսանողներին և աջակցել նրանց ուսման առաջընթացին, և ընտրել հանրապետության առաջատար բուհերի տաղանդավոր սովորողներին ու օժանդակել նրանց, որպեսզի վերջիններս կարողանան իրենց հնարավորությունները լավագույնս բացահայտել: Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը քննարկման արդյունքներից ելնելով, երեքշաբաթյա ժամկետում նշված հարցերի վերաբերյալ որոշակի առաջարկություններ կներկայացնի` խնդրի վերաբերյալ համակողմանի մոտեցում մշակելու համար: