շաբաթ, 29 դեկտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել է 2008-2012թթ. կոռուպցիայի դեմ պայքարում հիմնական անելիքները: Մասնավորապես, նիստում հավանության են արժանացել ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի աշխատանքների կատարման տեխնիկական առաջադրանքը, ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման ժամանակացույցը, ինչպես նաև ի գիտություն է ընդունվել միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի համագործակցության մասին տեղեկատվությունը:
Տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը նշել է, որ փաստաթուղթը ե՛ւ մոնիտորինգի հանձնաժողովում, ե՛ւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն քննարկումներ է անցել, ու այժմ ակնկալվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներից ստանալ առաջարկություններ: Տեխնիկական առաջադրանքը, ըստ զեկուցողի, բաղկացած է 6 գլխից, որի առաջին գլուխը 2003-2007թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների իրականացման ծրագրի ամփոփումն է, երկրորդը` նախանշում է հակակոռուպցիոն նոր քաղաքականությունը, հաջորդ գլուխներում ներկայացված են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները, հակակոռուպցիոն քաղաքականությունը հանրային կառավարման, տնտեսության առանձին ոլորտներում ու ճյուղերում, ռազմավարության և միջոցառումների ծրագրի մոնիտորինգի և գնահատման համակարգը, ինչպես նաև 2008-2012թթ. ծրագրի իրականացման միջոցառումները:
Խորհրդի անդամները բարձր են գնահատել փաստաթուղթը, ներկայացնելով մի քանի խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք նկատի կառնվեն տեխնիկական առաջադրանքում:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը շատ լավ կարելի է զուգակցել երկրորդ սերնդի բարեփոխումների հետ: Սերժ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել ծրագրի մշակման և իրականացման փուլում հասարակության լայն ներգրավվածությունը, մասնակցությունը կատարվող աշխատանքներին, նշելով, որ մասնակցային լայն գործընթացը ծրագրի նկատմամբ հանրության ավելի մեծ վստահության և իրականացվելիք աշխատանքների արդյունավետության բարձրացման կարևոր գործոն է:
Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը, այդ կապակցությամբ նշել է, որ ծրագիրը, ըստ ռազմավարության, նախատեսում է ունենալ մոնիտորինգի, այդ թվում` հասարակությանը հաշվետվողականության համակարգ:
Խորհրդի հավանությանն արժանացած ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակման ժամանակացույցով նախատեսվել է ծրագրի մշակումն իրականացնել ինն ամսում` փորձագիտական խմբի ձևավորումից հետո:
Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ ներկայացվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը, ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման շրջանակներում, համագործակցել է ՀՀ-ում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ընդգծվել է, որ, մասնավորապես, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը 2007թ. իր օժանդակությունն է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքներին, որը կշարունակվի նաև 2008թ.-ին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ևս իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նոր ռազմավարության մշակմանը` ռազմավարության նախագծի վերաբերյալ փորձաքննության և նախագծման ընթացքում սեմինար-պարապմունքների կազմակերպման միջոցով: Միացյալ ազգերի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախատեսում է, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, 2008թ. շարունակել աշխատանքները ԶԼՄ-ների կարողությունների զարգացման, մարզերում քաղաքացիների իրազեկման գործընթացի ակտիվացման ուղղությամբ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակության 2007թ. հուլիսին մեկնարկած Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման եռամյա ծրագրի նպատակը ևս, ըստ հարցը զեկուցող Գևորգ Մհերյանի, կոռուպցիայի նվազեցումն է` համակարգային և ընթացակարգային բարեփոխումների իրականացմանն ուղղված բողոքների արձագանքման մեխանիզմի ստեղծման, ընտրված պետական մարմինների հետ հակակոռուպցիոն նախաձեռնությունների մշակման և իրականացման, կոռուպցիայի դեմ գործողությունների համախմբման նպատակով` հասարակական կազմակերպությունների կողմից նոր մոտեցումների մշակման, երիտասարդության և մեծահասակների շրջանում կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության մեծացման ծրագրային բաղադրիչների միջոցով: