երկուշաբթի, 31 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Տարիներ շարունակ, երբ ես պաշտպանության նախարարն էի, յուրաքանչյուր տարի, դեկտեմբերի 31-ին այցելում էի սահմանային դիրքերում ծառայող մեր զինվորներին, շնորհավորում նրանց Ամանորն ու շնորհակալություն հայտնում ծառայության համար: Ինձ համար դա դարձել է յուրատեսակ ավանդույթ:
Բարի ավանդույթ է նաև այն, որ տարեմուտին կառավարության ղեկավարն ուղերձով դիմի իր հայրենակիցներին: Այսօր ես փորձել եմ միավորել այդ երկու ավանդույթները և իմ ամանորյա շնորհավորական խոսքը կասեմ մեր երկրի սահմանից, այնտեղից` որտեղ գիշեր ու ցերեկ հայ զինվորը հսկում է մեր բոլորի խաղաղությունն ու անդորրը, այնտեղից, որտեղ սկսվում և վերջանում է Հայաստանը:
Ավարտվում է 2007 թվականը: Այն մեր պատմության մեջ մտավ, որպես խաղաղության, զարգացման ու ժողովրդավարության ամրապնդման տարի: Այսօր մենք կարող ենք վստահորեն շարժվել առաջ և նախանշել ապագայի նոր ծրագրեր: Այդ ծրագրերի կենտրոնում մեր քաղաքացիներն են: Մեր ձգտում ենք, որ տնտեսական աճը ազդի յուրաքանչյուրի բարեկեցության վրա: Որ ավելի քիչ աղքատներ լինեն, որ մեր կյանքը չսահմանափակվի առօրեական խնդիրներով, և որ բոլորիս երեխաները լինեն երջանիկ:
Անցնող տարում մեզ հաջողվեց պահպանել զարգացման բարձր տեմպը։ Մենք այսօր ավելի հստակ ու լավատեսորեն ենք պատկերացնում երկրի ապագան: Ես հպարտ եմ, որ միասին բացում ենք անկախության, զարգացման ու առաջընթացի մեր պատմության նոր էջը, հպարտ եմ, որ բոլորիս ջանքերով ամրապնդվում է մեր պետականությունը, հպարտ եմ, որ շարժվում ենք առաջ, որպես հասունության ուղին բռնած պետություն ու հասարակություն:
Հաջողություններն, իհարկե, ոգևորիչ են, սակայն մենք դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու: Հավատացնում եմ, մեր երկրի և մեր քաղաքացիների խնդիրներին ես քաջատեղյակ եմ, տեղյակ եմ ավելի, քան կարելի է պատկերացնել: Եվ վստահեցնում եմ Ձեզ` այդ խնդիրներից և ոչ մեկն անլուծելի չէ:
Սիրելի հայրենակիցներ,
Յուրաքանչյուրիս համար Ամանորը հատուկ խորհուրդ ունի: Նոր տարին երազանքների տոն է: Այս պահին բոլորս միակամ ենք ու միասնական. յուրաքանչյուրս ցանկանում է, որ Հայաստանի համար նոր տարին լինի խաղաղության ու վերելքի տարի, որ 2008-ը մեր ընտանիքներին բերի բարօրություն և նորանոր հաջողություններ: Ես մաղթում եմ, որ նոր տարում բոլորիս ընտանիքներում թևածի ամանորյա խինդն ու ուրախությունը: Մենք մի մեծ ընտանիք ենք, որը կոչվում է Հայաստան:
Նոր տարին ապագա ծրագրերի շուրջ խորհելու առիթ է, և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որ մարդիկ ունենան արժանապատիվ աշխատանք, որ մեր երիտասարդները ստանան որակյալ կրթություն, մեր քաղաքացիները լինեն առողջ, մեր տարեցները զգան պետության մշտական հոգածությունը:
Նոր տարում միասին շարունակելու ենք շարժվել առաջ, դեպի մեր իղձերի Հայաստան, առաջ, դեպի նոր նվաճումների Հայաստան, առաջ դեպի նոր Հայաստան: Թող այս տարին դառնա Ձեր երազանքների իրականացման տարի: Բոլորիս մաղթում եմ առողջություն ու նորանոր հաջողություններ:
Երջանիկ եղեք:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: