ուրբաթ, 11 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ` ծանոթանալու իր կողմից 2007թ. նոյեմբերի 16-ի N 797-Ա որոշմամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքին և խորհրդակցություն անցկացնելու մետրոպոլիտենի «2008-2012թթ. բարելավման միջոցառումների ծրագրի» վերաբերյալ: ՀՀ վարչապետի վերոնշյալ որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին հանձնարարվել է կազմակերպել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գործունեության և տնտեսության առկա իրավիճակի (ենթակառուցվածքների, տեխնիկական շահագործման և անվտանգության, շարժակազմի) ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկությունների փաթեթ` Երևանի մետրոպոլիտենի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:
Մինչ խորհրդակցություն անցկացնելը, վարչապետն այցելել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Երիտասարդական», «Բարեկամություն» կայարաններ, ծանոթացել առկա խնդիրներին, այդ թվում` ջրահեռացման, շարժասանդուղքների մեքենայական սրահում դիտել ընթացող վերանորոգման աշխատանքները, ծանոթացել ռելեային տեղամասի խնդիրներին և այցելել մետրոպոլիտենի վերգետնյա տնտեսության կապի մասնաշենքի գլխավոր կարգավարական ծառայություն:
Խորհրդակցության ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցել է մետրոպոլիտենում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ներկայացված խնդիրները վարչապետը քննարկել է խորհրդակցության մասնակիցների հետ` ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել մետրոպոլիտենը դարձնելու մրցունակ և տրանսպորտային այդ միջոցից օգտվողների համար հաճելի ու ավելի հարմարավետ: Նա կարևորել է զարգացման ծրագրի նախապատրաստման շուրջ լուրջ աշխատանքներ իրականացնելու հարցը` նշելով, որ մետրոպոլիտենի առաջին անհրաժեշտության ծախսերը կառավարությունն իր առաջիկա նիստերից մեկում` մինչև հունվարի վերջը, կհաստատի: Վարչապետի վստահեցմամբ, հատկացվելիք միջոցները հետագա տարիների պետական բյուջեներում չեն պակասեցվի` սա չի համարվում միանվագ աջակցություն: Իրականացվող ծախսերի 2/3-րդը, ըստ վարչապետի, կհոգա պետությունը, իսկ 1/3-ը` մետրոպոլիտենը պետք է իրականացնի իր շահույթների հաշվին: