երեքշաբթի, 15 հունվարի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի անդամներից բացի, ՀՀ վարչապետի հրավերով, նիստին մասնակցել են նաև աղետի գոտին ներկայացնող Շիրակի և Լոռու մարզերի ԱԺ պատգամավորներ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակաշրջանում, ինչպես գործադիրի, այնպես էլ Աժ պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից մեծ աշխատանք է կատարվել երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման ուղղությամբ: Վարչապետը, մասնավորապես, կարևոր է համարել, որ, ծրագիրը կազմելիս, հանձնաժողովի անդամները խնդրին մոտեցել են տարբեր տեսանկյուններից, ինչը, ըստ նրա, առավել հագեցած ու ամբողջական է դարձրել նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Սերժ Սարգսյանն ընդգծել է ոչ միայն 2008թ.-ին, այլ նաև հաջորդ տարիներին, ֆինանսական հնարավորություններին համապատասխան, աղետի գոտում իրականացվելիք աշխատանքների հստակ ծրագրավորման անհրաժեշտությունը` ըստ ժամկետների, որպեսզի հետագայում լրացուցիչ քննարկումների և շտկումների խնդիրներ չառաջանան, և մարդիկ հստակ իմանան, թե ո՞ր խնդիրը ե՞րբ է լուծվելու:
Հանձնաժողովի անդամներն ու նիստին հրավիրված պատգամավորները, դրական գնահատելով համատեղ ուժերով մշակված միջոցառումների ծրագրի նախագիծը, միաժամանակ, ներկայացրել են համապարփակ ծրագրի իրագործման հետ կապված առաջարկություններ: Առաջարկվել է, մասնավորապես, ստեղծել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը շատ որոշակիորեն կզբաղվի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի, իսկ երկրորդը` աղետի գոտու վերականգնման միջոցառումների համալիր ծրագրի կազմման, ներդրումների հարցերով:
Նիստի ավարտին, վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, հանձնաժողովը որոշել է հավանություն տալ միջոցառումների ծրագրի այն հատվածին, որի ֆինանսական ապահովման խնդիրը պետական բյուջեի շրջանակներում հնարավոր է լուծել: Հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերից ստանալ առաջարկություններ ծրագրի այդ հատվածի վերաբերյալ և, դրանց հիման վրա ամբողջական տեսքի բերել ծրագիրն ու հաստատել, իսկ ֆինանսական մեծ միջոցներ և իրականացման համար ավելի տևական ժամանակ պահանջող միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները` հանգամանալից քննարկել և անհրաժեշտ հիմնավորումներով, քարտուղարությանը ներկայացնել մինչև մարտի 1-ը` հանձնաժողովի հերթական նիստում քննարկելու և հաստատելու համար: