հինգշաբթի, 17 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին և նրա գլխավորած պավիրակությանը: Սերժ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել նախագահական ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այցը մեր երկիր և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ու իր ղեկավարած կուսակցությունը պատրաստակամ են ըստ ամենայնի աջակցելու առաքելությանը և մշտապես պատրաստ են հանդիպելու, եթե դրա անհրաժեշտությունը հետագայում ևս կլինի:
Երկուստեք կարևորվել է նախորդ` խորհրդարանական ընտրությունների օրինակով, միջազգային չափանիշներին համապատասխան և վստահություն ներշնչող ընտրությունների անցկացման առումով ևս մեկ առաջընթաց քայլ կատարելը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գերտ-Հինրիխ Արենսը ՀՀ վարչապետին ներկայացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելությունների կողմից իրականացվելիք աշխատանքը, վստահեցրել, որ միջազգային հանրությունը ևս պատրաստ է աջակցել Հայաստանում ընտրությունների հաջող անցկացմանն ու ուրախ կլինի ցանկալի առաջընթացը գրանցել:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի բոլոր 9 թեկնածուներին տրվելիք հարցաշարին: