ուրբաթ, 25 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանի բանկային համակարգում առաջատար դիրք գրավող «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ըստ վարչապետի, նոր խթան կհանդիսանա բանկային և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ «Գազպրոմբանկի» նման խոշոր ու հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը ջանում է տարեցտարի ավելի հրապուրիչ դարձնել գործարար միջավայրը խոշոր ներդրումների համար, քայլեր է ձեռնարկում օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ դրան նպաստում են նաև վերջին տարիների կայուն տնտեսական աճը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների աճող ծավալները:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և վարչապետին` աջակցության համար, Անդրեյ Ակիմովը Հայաստանի հետ իր ղեկավարած ընկերության համագործակցությունը համարել է գրավիչ ու հեռանկարային: Նա վստահեցրել է, որ «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստան նպատակաուղղված կլինի նաև հանրապետության բանկային ու ֆինանսական համակարգի զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի հետ համագործակցության ու ներդրումների համար լավ հնարավորություններ կան տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես` էներգետիկայի ոլորտում, ինչին նպաստում է նաև առկա մարդկային մեծ ներուժը:
Հանդիպման ավարտին, հաջողություն մաղթելով Հայաստանում «Գազպրոմբանկի» գործունեությանը, վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած առաջարկ և նախաձեռնություն, իրավասության և հնարավորությունների սահմաններում նաև աջակցել դրանց իրագործմանը: