չորեքշաբթի, 17 ապրիլի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալ Անանդին, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծելով պրն Անանդի անձնական մեծ ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների սերտացման գործում:
Հայաստանի և Հնդկաստանի հանրապետությունների միջև այս տարի օգոստոսին լրանալիք դիվանագիտական հարաբերությունների 10-ամյա տարելիցի շեմին զրուցակիցները կարևորեցին համագործակցության ընդլայնման ու հետագա զարգացման համար երկկողմ ջանքերով, անցած այդ ժամանակահատվածում, ստեղծված նախադրյալները: Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց վերջին շրջանում աշխատանքներն ակտիվացրած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը. «Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հնդկաստանի, սերտ բարեկամական հարաբերություններ է հաստատել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող, միջազգային համայնքի հզոր և ազդեցիկ անդամի հետ: Միևնույն ժամանակ, այդ բարեկամական հարաբերությունները մեզ համար արժևորվում են նաև նրանով, որ արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների անկեղծ ձգտումը», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա ուրախությամբ արձանագրեց Երևանում օրերս անցկացված «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովին հնդկական կողմի ակտիվ մասնակցությունը, նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ փորձ ունենցող Հնդկաստանի հետ փոխգործակցության բավականին ներուժ կա:
Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ մեր երկրում Հնդկաստանի նոր դեսպանը կշարունակի պրն Անանդի հիմք դրած բարի ավանդույթները՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
Դեսպան Անանդը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ գործունեության ամբողջ ընթացքում իրեն սատարելու, արդյունավետ համագործակցելու համար և վստահեցրեց, որ այսուհետ աշխարհի որ ծայրում էլ լինի, «հայ» անունը լսելիս մեծ ուշադրությամբ ականջալուր կլինի այդ տեղեկատվությանը, քանի որ բավականին տպավորված է Հայաստանով, հայ ժողովրդով և շահագրգիռ՝ հնարավորինս օգտակար լինել նրան: