հինգշաբթի, 18 ապրիլի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դիմիտրիյ Ռուպելին: Նա հույս հայտնեց, որ նախարարի այցը կնպաստի հայ-սլովենական քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու դեռւես ոչ բավարար մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցության զարգացմանը, երկու հանրապետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Արտգործնախարար Ռուպելը ՀՀ վարչապետին տեղեկացրեց Հայաստանի իր գործընկերոջ հետ այդ խնդիրների շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Սլովենիայում կամ Հայաստանում գործարար համաժողովների անցկացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում և այլն: Նա նշեց, որ իբրև այցի արդյունք կարելի է դիտարկել ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության մասին արձանագրության ստորագրումը: Երկրորդ քայլը, ըստ պրն Ռուպելի, կլինի մեր երկու երկրների փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծումը, որի ուղղությամբ որոշակի աշխատանք կատարված է. փաստաթղթերը նախապատրաստվել են, սակայն դրանք այս տարվա ընթացքում չեն ստորագրվի:
Հանդիպման ընթացքում կարևորվեց եվրոինտեգրացման սլովենական փորձի փոխանակումը, այդ երկրի աջակցությունը ԵԽ անդամ Հայաստանին, որն այժմ աշխատանք է տանում Եվրոպական ընտանիքին ամբողջությամբ ինտեգրվելու ուղղությամբ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց մեր տարածաշրջանի հակամարտությունների նկատմամբ Սլովենիայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշումը: Դիմիտրիյ Ռուպելը նշեց, որ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ մանրամասն զրույց է ունեցել իր գործընկերոջ հետ և համաձայն է հայկական կողմի փաստարկներին ու մոտեցումներին: Հյուրի խնդրանքով վարչապետը ևս անդրադարձավ այդ թեմային, կրկին ընդգծելով, որ, ի տարբերություն հարևան Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության, և համարում է, որ տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: