ուրբաթ, 1 փետրվարի 2008
Այսօր տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս անցած տարեվերջին ստեղծված այս խորհուրդը նպատակ ունի խթանել ՀՀ կայուն տնտեսական զարգացումն ու բարձրացնել Հայաստանի մրցունակությունը:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ընդգծելով այսպիսի խորհրդի անհրաժեշտությունը, նշել է, որ դրա ստեղծումը պայմանավորված է նաև կառավարության որդեգրած քաղաքականությամբ: Կառավարության ծրագրային դրույթներում, ըստ վարչապետի, կարևորված են ազգային ներուժի բացահայտման և այն` մեր երկրի զարգացմանն ի սպաս դնելու, նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը խթանելու և զարգացնելու ուղղությամբ հետևողական աշխատանքի իրականացումը:
Այսօրվա նիստում խորհուրդն անդրադարձել է Ազգային մրցունակության խորհրդի առաքելությանն ու ռազմավարական նպատակներին, քննարկել` Ազգային մրցունակության ռազմավարության հիմնական դրույթները, խորհրդի 2008թ. փետրվար-օգոստոս ամիսների գործունեության ծրագիրն ու միջոցառումները, որոնք ներկայացրել է Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ, գործադիր տնօրեն Գայանե Աֆրիկյանը:
Խորհուրդը հավանության է արժանացրել նշված փաստաթղթերը: Որոշվել է խորհրդի գործունեության հետագա ընթացքի, առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումներն ու հնչած առաջարկությունները, ծրագրային մանրամասն քննարկումներն անցկացնել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ առաջիկայում հրավիրվելիք առանձին քննարկման ժամանակ:
Նիստի քննարկումների արդյունքում, խորհրդի նախագահի կողմից տրվել են նաև որոշակի հանձնարարականներ: