երկուշաբթի, 4 փետրվարի 2008
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը փետրվարի 5-ի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երևան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Աննա Պոպովան, արդյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Դեմենտևը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը: Պատվիրակությանն ուղեկցողների թվում են ՌԴ կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը, «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը:
Փետրվարի 6-ին նախատեսվում են Վիկտոր Զուբկովի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի ՀՀ և ՌԴ վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Օրվա ընթացքում ՌԴ կառավարության նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին:
Ի գիտություն լրագրողների
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցի ծրագրի ժամանակացույցից
6-ը փետրվարի
10:00-10:45 - Առանձնազրույց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և հանդիպում նեղ կազմով
(արարողակարգային նկարահանման համար հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 09:30-ին)
10:50-11:30- Հանդիպում ընդլայնված կազմով (արարողակարգային նկարահանում)
11:35-11:45-Փաստաթղթերի ստորագրման արարողություն (արարողակարգային նկարահանում)
11:50-12:10-Համատեղ մամուլի ասուլիս (լրագրողները հրավիրվում են 11:10-ին)
12:15 - Մեկնում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ զետեղելու
արարողություն
13:00-13:40-Հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
13:50- 14:20 Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ
16:45-18:35 -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն
Հայոց կաթողիկոսի հետ, այցելություն Գանձարան և Մայր տաճար
18:50- «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կարճատև զրույց ՀՀ վարչապետի
հետ, ճանապարհման պաշտոնական արարողություն (արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 18:20-ին)