չորեքշաբթի, 6 փետրվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵՄ նախարարական եռյակի պատվիրակությանը` ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, այլ պաշտոնատար անձինք:
Ողջունելով ԵՄ ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրամիության երկրների հետ հարաբերությունների սերտացմանը, անցած տարիների ընթացքում ԵՄ կառույցների հետ ձեռք բերված համագործակցության փորձառությանն ու փոխգործակցության հետագա խորացմանը: Պատվիրակության ղեկավար Դմիտրի Ռուպելը և վարչապետ Սերժ Սարգսյանը գոհունակություն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման, մեր երկրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից:
Դմիտրի Ռուպելը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկաս իրենց այցի վերջին երկիրն է, որտեղ արդեն մի շարք հետաքրքիր հանդիպումներ են ունեցել, ինչը հնարավորություն է տվել իրենց ընկալելու թե՛ տեղական, և թե՛ տարածաշրջանային խնդիրները: «Մեր ուղերձը շատ պարզ է` մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի մեր ընկերները լինեն ընկերներ նաև իրար հետ»,-ասել է նա: Դմիտրի Ռուպելն ընդգծել է, որ պատվիրակությունը հանգամանալից քննարկումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, ԵՄ-Հայաստան հարաբերությունների թեմաներով, հնարավորություն է ունեցել մանրամասն անդրադառնալու ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման, ՀՀ նախագահական առաջիկա ընտրությունների, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և մի շարք այլ հարցերի: Եվրամիությունը, ըստ նրա, ցանկանում է ավելի ակտիվ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և իրենց պատվիրակությունն այստեղ է` վերահաստատելու այդ ցանկությունը: Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատի երկարաձգումը ևս, նրա հավաստմամբ, վկայում է այդ մասին:
ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները նշել է, որ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանում մեծածավալ աշխատանք է կատարվել, այդուհանդերձ, ըստ նրա, դեռևս անելիքներ շատ կան: «ԵՀՔ գործողությունների ծրագիրը չափազանց կարևոր ծրագիր է Հայաստանի եվրոպական մերձեցման ճանապարհին»,- ընդգծել է նա: Բենիտա Ֆեռերո-Վալդների խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու ցուցանիշները, գործարար և ներդրումային միջավայրը, հայկական օրենսդրությունը եվրոպական օրենսդրության հետ ներդաշնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքը, այդ առումով` տեղական ինքնակառավարման համակարգում զարգացումները, քաղաքացիական հատվածում, ոստիկանական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Տիկին Ֆեռերո-Վալդները հետաքրքրվել է նաև ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցի արդյունքներով:
Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ այսուհետ ևս կշարունակվի ակտիվ աշխատանք իրականացվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի ընդլայնման և Գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ: