ուրբաթ, 26 ապրիլի 2002
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Ավթանդիլ Ջորբենաձեի հետ, ճշտելու երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և պատրասկամություն հայտնել Հայաստանից անհապաղ օգնություն տրամադրել: Հեռախոսազրույցից հետո վարչապետը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ առողջապահության, էներգետիկայի, քաղաքաշինության, ներքին գործերի նախարարությունների, կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ); Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) ղեկավարները և վարչապետի օգնական Արարատ Գոմցյանը:
ՍՊԱԾ-ի և ԱԻՎ-ի ղեկավարները նշել են, որ Վրաստանի իրենց գործընկերների հետ մշատական կապի մեջ են, ճշտել են, որ փրկարարական աշխատանքների խնդիր չկա, տեղեկացրել են տարածաշրջանում դեռևս նկատվող սեյսմիկ ակտիվության մասին: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Սերգեյ Բալասանանը նշել է, որ Թբիլիսիից 15 կմ հարավ-արևելք ընկած էպիկենտրոնում 4,3 մագնիտուդայով և 6,0 բալանոց ցնցմամբ երկրաշարժը ընդգրկել է մոտ 35 կմ շառավղով տարածք: Նրա գնահատմամբ դա դասվում է թույլ երկրաշարժերի շարքը, որը պետք է հետևանքներ չունենար: Սակայն որոշ շենքեր կառուցված չլինեով քաղաքաշինական անհրաժեշտ նորմերով և չունենալով սեյսմակայունություն՝ վնասվել են:
ՀՀ վարչապետը հանձնարարել է շտապ ձևավորել աշխատնքային խումբ՝ ՍՊԱԾ-ի պետ Սերգեյ Բալասանյանի գլխավորությամբ և մեկնել Թբիլիսի, տեղում հստակեցնելու օգնության հարցում Հայաստանի մասնակցության աստիճանը և անհրաժեշտության դեպքում՝ արագ համակարգել այդ աշխատանքները: Աշխատանքային խմբում ընդգրկվել են էներգետիկայի, առողջապահության, քաղաքաշինության նախարարությունների, ԱԻՎ-ի ներկայացուցիչները և Լոռու մարզպետը: