հինգշաբթի, 7 փետրվարի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի «Ոռոգման չորս ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» մրցույթի համակցված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքները, ինչպես նաև` նույն ենթածրագրի «Ոռոգման յոթ ջրամբարների կառուցման/վերականգնման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» մրցույթի կարճ ցուցակը և առաջարկների ներկայացման հրավերը: Հաստատվել է «Վեց մայր ջրանցքների նախագծում և շինարարության վերահսկում» պայմանագրի փոփոխության հիմնավորման փաստաթուղթը ևս, որով առաջարկվում է հանձնարարել խորհրդատուին` մշակել մայր ջրանցքների հատվածների վերջնական նախագծերը` հաշվի առնելով ջրանցքների երեսպատման ժամանակակից տեխնոլոգիաները և միջազգային փորձը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի «Առաջին փաթեթի շինարարական աշխատանքների իրականացման տեխնիկական վերահսկողության» խորհրդատվական պայմանագրի նախագիծը, ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ծրագրին մասնակցության համար հավատարմագրված ֆինանսական հաստատությունների ցանկը, ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների պլանի փոփոխությունները:
Կառավարման խորհուրդը քննարկել է նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի մոնիտորինգի և գնահատման բաղադրիչի շրջանակներում «Տվյալների որակի գնահատման նպատակով» անհատ խորհրդատուի մրցույթը չեղյալ հայտարարելու մասին հարցը: Նկատի ունենալով, որ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հայտատուի ներկայացրած տեխնիկական և ֆինանսական առաջարկն անբավարար է գնահատվել համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հայտատուն հրաժարվել է մրցույթին հետագա մասնակցությունից, ՀՄՀ-Հայաստանի և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջև բանակցությունների արդյունքում, որոշվել է սկսել նոր մրցութային գործընթաց: Նշվել է, որ առաջնային համարելով հետազոտությունների մեթոդաբանությանը տիրապետող բարձրակարգ մասնագետի ներգրավումը, խորհրդատուի տեխնիկական առաջադրանքից նախատեսվում է հանել վարչական տվյալներին վերաբերող աշխատանքները և շեշտը դնել հարցում-հետազոտություններից ստացված տվյալների որակի գնահատմանն առնչվող աշխատանքների վրա:
Խորհրդի նիստում քննարկվել են խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար առաջարկների ներկայացման հրավերի տիպային ձևի հետ կապված խնդրի լուծման, «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ մասնավոր կազմակերպության հետ Արգիճի գետի վրա ոռոգման և էներգետիկ ջրամբարի համատեղ կառուցման վերաբերյալ տեղեկանքները և այլ հարցեր: