ուրբաթ, 8 փետրվարի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի սրտաբանական հիվանդանոցի նախագծում» և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի» ՊՈԱԿ-ի կահավորում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Կապանի տարածաշրջանում», «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Մաստարայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի եռահարկ առաջին մասնաշենքի վերակառուցում և վերանորոգում» ծրագրերը:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2008թ. ՀՀ-ում իրականացվող ծրագրի նպատակն է` օգնել փողոցում հայտնված երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին և միայնակ ու կարիքավոր ծերերին: «Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է` օգնել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին կենցաղային տեխնիկայով: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի հիմնել անվճար տպագրատուն Շուշի քաղաքում:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: