հինգշաբթի, 2 մայիսի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը հետաքրքրվեց բնական աղետի հետևանքները հանրապետության տարբեր մարզերում ուսումնասիրող աշխատանքային խմբի աշխատանքի ընթացքով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը զեկուցեց, որ մարզպետարանների ներկայացուցիչների հետ տեղերում ուսումնասիրման աշխատանքներն սկսվել են, մոտ տասը օր հետո ստացված տեղեկությունները կամփոփվեն վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբում և համապատասխան առաջարկներ կներկայացվեն կառավարությանը:
Նիստում գործադիրը հավանություն տվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանաներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը բխում է կառավարության 2002 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի որոշման պահանջներից: Օրենքը կարգավորում է աղետի գոտու վերականգման համալիր ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման, ինչպես նաև բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) — բնակարանների մասնավորեցման, բնակարանային շուկայի ձևավորման գործընթացի խթանման պետական հիմքերը, դրանց հիմնական սկզբունքները և պայմանները: Օրենքը նախատեսում է, որ ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրված և 1997 թ. պետբյուջեի վարկերի հաշվին Շիրակի և Լոռու մարզերում շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից իրենց բնակարանների վճարման ենթակա գումարը, հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու պահից, համարվում է մարված: Օրենքի նախագիծը նշված մարզերի քաղաքացիներին ազատում է նաև բնակարանների պետական գրանցման և նոտարական վավերացում պահանջող այլ գործարքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից:
Հայաստանի հանրակրթական դպրոցների հուսալի և բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով, կառավարությունը հավանություն տվեց հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագրին: Ծրագրում նախատեսված աշխատանքները կիրականացվեն 2002-2006 թթ. ընթացքում, քաղաքաշինության նախարարության կողմից մշակված և կառավարության հաստատած տարեկան ծրագրերով՝ ՀՀ պետական բյուջեի, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, արտաքին վարկերի, դրամաշնորհների, բարեգործական նվիրատվությունների և այլ ֆինանսական աղբյուրների հաշվին:
Դպրոցաշինության 2002 թ. ծրագիրը ժամանակին իրականացանելու նպատակով, վերաբաշխում կատարելով 2002 թ. պետբյուջեում, գործադիրը բյուջեով քաղաքաշինության նախարարությանը հատկացված 5 մլն դրամը վերաբաշխեց Արագածի, Արմավիրի, Տավուշի մարզպետարանների միջև՝ այդ մարզերի մի շարք համայնքներում դպրոցների կառուցման նախագծային փաստաթղթերի կազմման համար:
Ելնելով կառավարության 2002 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի պահանջներից, հաստատվեց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու կարգը: Սահմանվեց, որ այն տարածվում է 1999 թ. և հետագա տարիներին ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ՝ տեխնիկական և գյուղատնտեսական բնույթի մասնագիտությունների գծով ընդունվածաների վրա: Առաջիկայում կառավարությունը կհաստատի պետական միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնցով թույլատրվում է տեղափոխություն՝ ըստ ուսուցման ձևի:
Կառավարությունը հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները:
Գործադիրը հաստատեց ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը: Սահմանվեց, որ ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու և դրանցում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ միայն լիցենզիայում նշված վայրում:
Կառավարությունը հավանություն տվեց պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման 2001 թ. տարեկան հաշվետվության նախագծին: Այն ընդգրկում է հաշվետու տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման գործընթացի վերլուծությունը՝ խոշոր և միջին ընկերությունների, «փոքր» օբյեկտների, անավարտ շինարարության օբյեկտների և պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ:
Առանձին որոշումներով հաստատվեցին Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Գործադիրը հիմնականում դրական եզրակացություն տալով «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծին, որի նպատակն է բարձրացնել սնանկացման վարույթում գտնվող բանկերի ավանդատուների շահերի պաշտպանության աստիճանը, նրանց իրազեկությունը՝ կապված ավանդների վերադարձման գործընթացի հետ, միաժամանակ նշեց, որ նախագիծը լրամշակման կարիք ունի:
Հիմնականում դրական եզրակացություն տալով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Պետական վիճակագրության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, կառավարությունը միաժամանակ նշեց, որ այն լրամշակման և խմբագրման կարիք ունի:
Գործադիրը բացասական եզրակացություն տվեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծին, որով ըստ էության առաջարկվում է պետականացնել արժեթղթերի շուկայի կարևոր մասնավոր կառույցներից մեկը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը: Կառավարությունը գտնում է, որ ոչ առևտրային այդ կազմակերպության գործառույթների իրականացումը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահելու առաջարկն անընդունելի է, քանի որ չի բխում քաղաքակիրթ շուկայի սկզբունքներից և հակասում է Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականությանը:
Ընդհանուր առմամբ կարևորելով ջրային տնտեսության համակարգի ընկերությունների առողջացման և ֆինանսական կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերը, կառավարությունը անընդունելի համարեց նաև «Խմելու ջրի դիմաց բնակչության կուտակած պարտքի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ներկայացված տեսքով: Գտնելով, որ օրինագիծը իրավական և բովանդակային հիմնավոր մշակման կարիք ունի, գործադիրը պատրաստակամություն հայտնեց համագործակցել նախագծի հեղինակների հետ՝ խնդրին արդյունավետ և վերջնական լուծում տալու համար: Նշվեց նաև, որ կառավարությունում այժմ շրջանառության մեջ է նմանատիպ օրենքի նախագիծ, որի մշակման ընթացքում գործադիրը պատրաստ է աշխատել վերոհիշյալ օրինագծի հեղինակների հետ:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունն առաջարկեց ՀՀ նախագահին 2002 թ. մայիսի 6-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրինագծերի ընդունման համար:
Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման մասին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լիտվայի ու Էստոնիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին: