չորեքշաբթի, 20 փետրվարի 2008
ՀՀ նախագահ ընտրվելու առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պրն. Սարգսյան,
Հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը:
Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը այսօր խաղաղության մեջ ազատ, նոր կյանք է կառուցում և լի է արդար հույսով ավելի մոտ տեսնելու Հայաստանի բարօրությունն ու բարգավաճումը: Այս տեսիլքով մեր ժողովրդի արժանավոր շատ զավակների հետ Դուք Ձեր ջանքն ու ներդրումն եք բերել Հայաստանի անկախության և Արցախի ազատագրության պայքարին, հայրենի պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված վերակառուցումներին, որոնցով պատմական է մեր ժամանակը: Հավատում ենք, որ պետական բարձր պաշտոններում ձեռք բերած տարիների փորձառությամբ Դուք նոր հաջողություններով պիտի արգասավորեք ՀՀ նախագահի Ձեր բարձր ու պատասխանատու առաքելությունը: Հայցում ենք Բարձրյալից, որ հանապազ օրհնի Ձեր ջանքերը՝ հանուն մեր Հայրենիքի բարօր ու երջանիկ կյանքի, մեր ժողովրդի իղձերի մարմնավորման:
Թող Բաձրյալն Աստված Սուրբ Հոգու ամենառատ շնորհներով զորացնի Ձեզ՝ պարգևելով քաջառողջ արևշատություն, մշտանորոգ ուժ ու եռանդ:
Շնորհք, սԷր և ողորմութիւն Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ Ձեզ և ընդ ամենեսեան: Ամէն»: