չորեքշաբթի, 20 փետրվարի 2008
ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանին այսօր հեռախոսով շնորհավորել և շնորհավորագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Շնորհավորագրում մասնավորապես ասված է.
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ՀՀ նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը:
Արդարև, Հայաստանի վերանկախացումից հետո, անցնող շուրջ քսան տարիներին տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով, Ձեր գործուն մասնակցությունն ու կարևոր նպաստն եք բերել Հայաստանի պետականության ամրացման, նրա կառույցների կազմավորման, անվտանգության ամրապնդման ու տնտեսության բարելավման գործում: Ժողովրդի վստահությունը Ձեր անձի նկատմամբ, գնահատանքի շոշափելի արտահայտություն լինելով հանդերձ, նաև ավելին տալու և ավելին կատարելու սպասում է Ձեզանից` հայրենիքի հզորացման խնդրում:
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը: Ձեզ անձնապես ճանչնալով` վստահ ենք, որ վերանորոգ հավատքով և բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ ու նվիրումով կշարունակեք ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին»: