երեքշաբթի, 7 մայիսի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Երկրապահի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի զինակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա առթիվ:
Մեր նորանկախ պետության պատմության մեջ Երկրապահի անցած փառավոր ուղու մասին բազմիցս ասվել է և դեռ պիտի ասվի: Ավելի քան 10 տարի առաջ Երկրապահ կամավորականների շարժումը առաջինն իր վրա կրեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը՝ լուսավոր մի ջահ դառնալով մեր արդար պայքարի ճանապարհին: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները՝ Հայոց անկախ պետականության պատմության մեջ իրենց անձնուրաց սխրանքով ամրագրելով նոր փայլուն հաղթանակներ: Արցախյան ազատամարտում Երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ նրան պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի հիմնական միջուկը: Երկրապահ կամավորականների միության մեջ համախմբված երկրապահների գլխավոր գործն այսօր արդեն բանակային կադրերի համալրումը, զոհված և վիրավոր ընկերների ընտանիքներին սատար կանգնելը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունն է: Խնդիրներ, որ կենսական են նաև այսօր և պետք է լուծվեն բոլորիս ընդհանուր ջանքերի, միասնական աշխատանքի արդյունքում:
Համոզված եմ, որ օգտակար դասեր քաղելով անցած փառավոր ճանապարհից, այսուհետ ևս Երկրապահը հավատարիմ կմնա ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներին, իր բուն կոչմանն ու նպատակներին:
Սիրելի ընկերներ,
Շնորհավորելով երկրապահի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն և երջանկություն»: