հինգշաբթի, 21 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պետական պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:
Խորապես համոզված եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում ակտիվ ու բեղմնավոր Ձեր գործունեությամբ, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից և հենվելով ժողովրդի բարձր վստահության քվեի վրա, Դուք կապահովեք Հայաստանի դինամիկ զարգացումն ու բարգավաճումը:
Բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը Կազմակերպության կայացման և հեղինակության ամրապնդման գործում, թույլ տվեք երախտագիտությունս արտահայտել մշտական աջակցության ու ըմբռնման համար և հույս հայտնել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Դուք կշարունակեք համակողմանիորեն համագործակցել` մեր Կազմակերպության առջև ծառացած նպատակներին հասնելու, միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ-ի ջանքերի խթանման գործում:
Մաղթում եմ Ձեզ` հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ` ի շահ Հայաստանի բարգավաճման և հայ ժողովրդի բարեկեցության աճի»: