շաբաթ, 11 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տիկին Ջուդի Օ'Քոննորին, որն ավարտում է պաշտոնավարությունը տարածաշրջանում:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վերջին տարիներին ՀԲ-ի հետ համագործակցությունը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է տիկին Օ'Քոննորի անձնական ներդրումը Հայաստանում նախատեսված համատեղ ծրագրերի իրագործման մեջ: Վարչապետը հավաստել է ՀԲ-ի հետ սերտ փոխգործակցությունը շարունակելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ բանկի տարածաշրջանային նոր տնօրենը նույն արդյունավետությամբ կշարունակի աշխատել՝ հաջողությամբ ավարտելով մեր երկրում ՀԲ-ի ծրագրերը: Իսկ տիկին Օ'Քոննորին վարչապետը մաղթել է աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Համշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը ևս իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում համատեղ իրականացվող աշխատանքներից՝ նշելով, մասնավորապես, ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի և կառավարության սերտ համագործակցությունը, որն աշխատանքների հաջող ընթացքի գրավականն է: Նա նշել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման, աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ վարչապետի գլխավորությամբ կատարվող աշխատանքների արդյունավետությունը: Ջուդի Օ'Քոննորը վստահեցրել է, որ ՀԲ-ի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա: