հինգշաբթի, 21 փետրվարի 2008
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Իմ և Թուրքիայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը հնարավորություն կընձեռի ստեղծելու մթնոլորտ` կարգավորելու Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունները, ովքեր ապացուցել են, որ կարող են դարեր շարունակ ապրել կողք-կողքի խաղաղության և ներդաշնակության մեջ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մեր ընդհանուր ջանքերը ստեղծեն մի եղանակ, որը հիմնված կլինի կայունության, փոխադարձ վստահության և համագործակցության վրա, ինչն իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը:
Օգտվելով այս առիթից` ես Ձեզ եմ փոխանցում իմ անկեղծ բարեմաղթանքները Ձեր առողջության և երջանկության, ինչպես նաև հայ ժողովրդի խաղաղության և բարեկեցության համար»: