ուրբաթ, 22 փետրվարի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևան քաղաքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի կահավորում»,Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Նուբարաշենի թաղի սպորտ-մշակութային կենտրոնի հարդարման և ջեռուցման համակարգի կառուցում», «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն», 2008թ. ընթացքում իրականացվող «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների հայտնաբերում, հետազոտում և բուժում, դեղորայքով ապահովում» ու «Լսողական ապարատների անվճար բաշխում», «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանի «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին աթոռների տրամադրման ծրագրերը:
«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթություն մշակույթի միջոցով» ծրագրի նպատակն է մատչելի դարձնել արվեստը երկրի տարբեր ծայրերում ապրող մանուկների համար:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: