երեքշաբթի, 14 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Քննարկվել է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ծրագրի նախագիծը, որն այդ փաստաթուղթը նախապատրաստող միջազգային և տեղական փորձագետների խմբի շուրջ երեք ամիսների աշխատանքի արդյունքն է: Աշխատանքային խմբի անդամները հանձնաժողովին են ներկայացրել իրավական, տնտեսական, քաղաքական համակարգի, պետական կառավարման, օրենսդրական, քաղաքացիական ծառայության, տեղեկատվական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հանգուցային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկությունները: Նշվել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի կազմման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, մի շարք բաժիններ մշակման փուլում են: Նախագծի ներկայացված տարբերակը, ըստ էության, փորձագիտական խմբի միջանկյալ հաշվետվությունն է կամ նախնական զեկույցը, որի նպատակը հիմնական մոտեցումների ճշգրտումն է, որոնք հաշվի կառնվեն խմբի հետագա աշխատանքներում: Քննարկման ժամանակ, որպես հակակոռուպցիոն կարևոր ուղղություններ, նշվել են աղքատության կրճատման, գործարար միջավայրի ստեղծման, հարկային ու մաքսային քաղաքականության բարելավման, օրենսդրական նպաստավոր դաշտի ապահովման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, քաղաքականության մշակմանը հանրության, հասարակական կազմակերպությունների լայն մասնակցության գործընթացի թափանցիկության և այլ միջոցառումներ:
Ամփոփելով քննարկումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մինչև հունիսի 1-ը ժամկետ է տվել ծրագրի նախագծի և նիստում արտահայտված տեսակետների վերաբերյալ բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որոնք հաշվի առնելուց հետո, հանձնաժողովը գնահատական կտա ներկայացված աշխատանքին: Հակակոռուպցիոն հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո, լրամշակված ծրագրի նախագիծը կդրվի նաև հանրության լայն շրջանակների քննարկմանը: