շաբաթ, 23 փետրվարի 2008
Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարության անունից պաշտոնական մամլո հայտարարությամբ է հանդես եկել փոխխոսնակ Թոմ Քեյսին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին փետրվարի 19-ին կայացած ակտիվ ու մրցակցային ընտրությունների կապակցությամբ և նշում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի և Խորհրդարանական վեհաժողովի կողմից տրված նախնական գնահատականը, համաձայն որի ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի կողմից ընդունած ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին: Միաժամանակ պետք է նշել, որ միջազգային դիտորդներն արձանագրել են զգալի խնդիրներ` կապված ընտրական գործընթացների հետ: Այնուամենայնիվ, ընտրական մարմինները դրական են արձագանքել վերահաշվարկ կատարելու պահանջներին: Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ապահովել այս վերահաշվարկների թափանցիկությունը, ուսումնասիրել բոլոր ենթադրյալ անճշտություններն ու քայլեր ձեռնարկել` բարելավելու հետագա ընտրությունները: Նաև հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին շարունակել պահպանել օրենքի գերակայությունը և գործել խաղաղ ու պատասխանատվությամբ` հանուն ժողովրդավարական Հայաստանի»: